Ռուբեն Հակոբյան. «Ընդիմության դաշտում պայքարը լիդերության համար է»
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի խոսքերով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նպաստեց Հայաստանի ընդդիմադիր դաշտը:
«Փաստարկ» ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զույգ արձանագրությունների մասին` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ արձանագրությունները սահուն կերպով ստորագրվեցին եւ սահուն կերպով էլ կվավերացվեն, որովհետեւ, ըստ նրա, հայկական ընդդիմությունը ոչինչ չարեց այն կանխելու համար: «Հայկական ընդդիմությունն իր անհամարժեք գործողություններով եւ մասնատվածությամբ, ըստ էության, հենարան է հանդիսանում գործող վարչախմբի համար»,- նշեց նա` հավելելով, որ ընդդիմության գործողությունները խիստ անհամարժեք էին իշխանության պահվածքին. «Եթե ոչ անհամարժեք, ապա ինչպե՞ս անվանես հայ ազգային կոնգրեսի որոշումը, թայմ-աութ վերցնել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին»: Քաղաքագետի խոսքերով, ՀԱԿ-ը կամ փորձում է հասնել նրան, որպեսզի արձանագրությունները ստորագրվեն իշխող վարչախմբի կողմից, արդյունքում` ՀԱԿ-ը «սպիտակ ձեռնոցներով» առաջ կգա եւ կքննադատի իշխանությանը, կամ էլ Կոնգրեսը նպատակ ունի մյուս ընդդիմադիր ուժին ցույց տալ, որ ինքն ավելի շատ մարդ է հավաքում հանրահավաքներին:
Ռ. Հակոբյանը խիստ անհամարժեք բնութագրեց նաեւ Դաշնակցության գործողությունները, մասնավորապես` արտգործնախարարի հրաժարական պահանջելը` ասելով. «Անհասկանալի է, թե ինչի է փորձում հասնել Դաշնակցությունը` պահանջելով արտգործնախարարի հրաժարականը: Քաղաքականապես հասուն ցանկացած մարդ գիտի, թե ինչ արժե նախարարի ֆիգուրը Հայաստանի իշխանական համակարգում»: Քաղաքական միամտություն համարելով նաեւ խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը տապալելու ՀՅԴ հայտարարությունները` Ռ. Հակոբյանը նշեց . «Հայաստանի որեւէ ողջամիտ մարդ կասկած չունի, որ արձանագրությունները վավերացվելու են, եւ իշխանությունները կկարողանան հասնել իրենց նպատակին»: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ղարաբաղյան կարգավորումն արհեստականորեն կարագանա, եւ անմիջապես օրակարգ կմտնի ԼՂՀ անվտանգության գոտու մեջ մտնող տարածքների վերադարձը:
Ի դեպ, Ռ. Հակոբյանը համոզված է նաեւ, որ արձանագրությունները կվավերացվեն նաեւ Թուրքիայի Մեջլիսի կողմից, քանի որ Թուրքիան սրանով միմիայն շահում է, իսկ Հայաստանը, ընդհակառակը, վաճառեց իր արժանապատվությունն ու ազգային անվտանգությունը՝ դիմացը ոչինչ չստանալով:
Փաստաթղթերի չվավերացնելու միակ տարբերակ Ռ. Հակոբյանը համարում է ընդդիմության միավորումը եւ միասնաբար իշխանությունների հրաժարականի պահանջը: Սակայն քաղաքագետին աղոտ է թվում նաեւ ընդդիմության միավորման հեռանկարը. «Այս պահին առաջնահերթությունն այս փաստաթղթերի կանխումն է, բայց ընդդիմության գլխավոր ուժերն իրար հերթականորեն ուղարկում են քավարան` մեղքերը քավելու: Ընդդիմության դաշտում պայքարը լիդերության համար է»,- նշեց նա:
Ըստ նրա` առավել ընդունելի կլինի, որ իշխանությունները հեռանան ժողովրդի ճնշմամբ, քան գերտերությունների ճնշմամբ ստորագրեն նման փաստաթուղթ: Իսկ որ փաստաթղթի ստորագրումը Հայաստանին պարտադրված էր, Ռ. Հակոբյանը դրա վառ ապացույցներից մեկը համարում է գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը: Նախկին դիվանագետի խոսքերով, շատ են դեպքերը, երբ միմյանց հակառակորդ երկրներ միմյանց հետ հարաբերություններ են կարգավորել, սակայն դա չի եղել նման ներկայացուցչական կազմի առկայությամբ:
Հարցին, թե ո՞ւմ է քաղաքագետը պատկերացնում նոր իշխանությունում, որը կարող է ճնշումներին դիմագրավել, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Ի՞նչ է, մեր քաղաքական դաշտը ամլացե՞լ է»:
Ռ. Հակոբյանը նաեւ անընդունելի է համարում ՀԱԿ-ի ներկայացուցիչների այն տեսակետը, իբր Դաշնակցությունը դեռ պետք է ապացուցի իր ընդդիմություն լինելը: Քաղաքագետը կարծում է, որ Կոնգրեսն իրավունք ունի ենթադրելու, բայց բարոյական իրավունք չունի դա պահանջելու, որովհետեւ` «ինքը՝ Կոնգրեսը, շատ լավ գիտի, որ կեղծ ընտրությունների ճարտարապետները հենց իրենք են, որ պետության մեջ կլանային համակարգը իրենք են ստեղծել, որ մարդու իրավունքների խախտումն իրենց ժամանակ է եղել…»։












