Ադրբեջանը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նոր ձևեր է մշակում
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Շեհիտների պուրակից» հոկտեմբերի 15-ին հանվել են Թուրքիայի դրոշները: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ , դրոշը վերականգման նպատակով է իջեցվել: Սակայն կարծիք կա, որ դա պատասխանն է այն բանի, որ հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում լուսանկար է արվել, որում պատկերված է «զուգարան» մակագրությամբ մի տուփ` մեջը Ադրբեջանի դրոշներ։
Թուրքական դրոշի հանման կապակցությամբ Թուրքիայում արդեն հնչում են առաջին արձագանքները:
Այսպես. արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը դրոշի նկատամամբ կցուցաբերի անհրաժեշտ ուշադրություն: Նա ասել է. «Ադրբեջանի դրոշը Թուրքիայի համար սրբազան է այնքան, որքան իր սեփականը»: Հետաքրքիրն այն է, որ Դավութօղլուն առիթը բաց չի թողել խոսել Լեռնային Ղարաբաղի հարցը մասին, ասելով, թե. «Ղարաբաղյան խնդիրը, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ազգային հարցն է հանդիսանում»: Նույնիսկ նկատել է. «Ադրբեջանի տարածքները սրբազան են մեզ համար այնքան, որքան մեր հողերը»:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ևս անդրադարձել է թուրքական դրոշների իջեցման խնդրին ու հայտարարել, որ ոչինչ չի կարող ստվերել թուրք-ադրբեջանական հարաբերությունները:
Թուրքական կողմի այս հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Անկարան համոզված է, որ դրոշների իջեցման իրական պատճառը ոչ թե դրանց կտորի վերանորոգումն է, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը, այլ որ այն զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում:
Armar.ar












