Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս հայտնել, որ դեսպան Մալհոթրան կարևոր ներդրում կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ու միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է նաև արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մալհոթրան մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Այդ ենթատեքստում Աչալ Կումար Մալհոթրան Հնդկաստանի աջակցությունը հայտնեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:












