Սպարտակ Ղամբարով.«Թուրքական մթերքի ներմուծման հարցում պետք է շատ զգուշավոր լինել»
Եթե, այնուամենանիվ, հայ թուրքական արձանագրությունները վավերացվեն, դրանք ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում, պետք է ստեղծվեն միջկառավարական հանձնաժողովներ, որոնք պետք է մշակեն այդ հանձնաժողովի և դրա ենթահանձնաժողովների աշխատաձևերը։
Ըստ այդմ նախատեսվում է ստեղծել քաղաքական, ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ և ենթակառուցվածքների, իրավական, գիտության և կրթության, առևտրի, զբոսաշրջության և տնտեսական համագործակցության, բնապահպանական, պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովներ։
Պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման ու դրա գործունեության շուրջ մեր հասարության շատ շերտերում դժգոհության ալիք բարձրացավ։ Սակայն, թե ինչո՞ւ մտահոգություն առայժմ չի հնչում այն մասին, թե ի՞նչ կերպ է նախատեսվում առևտրային կապեր հաստատել մի երկրի հետ, որն իր արտադրանքի որակով ու մաքրությամբ չի փայլում աշխարհում, առայժմ ոչ ոքի չի հետաքրքրում, առավել ևս՝ մտահոգում։
Իհարկե, ներկայումս էլ Հայաստանը, շատ դեպքերում էժանագին ու անորակ ապրանք ներմուծող երկրների շարքում է և, մասնավորապես, Չինաստանից, Իրանից, Հնդկաստանից ներմուծվող, երբեմն նաև տեղական արտադրողների ապրանքները բարձր որակով չեն փայլում։ Սակայն մեր դռները լայնորեն բացելով Թուրքիայի առջև, հատկապես սննդամթերքի ներմուծման պարագայում, արդյո՞ք առավել մեծ ռիսկային դաշտ չենք ստեղծում մեր երկրի համար։
Իսկ անորակ ապրանքի, առավելապես սննդամթերքի, բացասական ազդեցությունը մեր առողջության վրա այնպիսի հետևանքներ կարող է ունենալ, որոնց մասին անգամ ենթադրել չենք կարող։
ՀՀ գլխավոր իմունոլոգ և ալերգոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ և ՌԴ բժշկական ակադեմիաների ակադեմիկոս Սպարտակ Ղամբարովը մեր զրույցի ընթացքում նշեց, որ այսօր արդեն Հայաստանում աղետալի կերպով աճել են ալերգիկ հիվանդությունները։ Մեր հանրապետության բնակչության յուրաքանչյուր 2-րդը հիվանդ է այդ հիվանդությամբ։ «Սա շատ դեպքերում բացատրվում են բնապահպանական խնդիրներով, սակայն նման հիվանդությունների աճն ավելի շատ ուղակիորեն կապվում է ապրանքների վատ որակի հետ։ Որպես իմունոլոգ և ալերգոլոգ կարող եմ ասել, որ անորակ սնունդը, ինչպես նաև անորակ ապրանքը, կարող է բացասական մեծ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա»,- ասում է նա։
Ասել, թե Հայաստանում իսպառ բացակայում է սննդամթերքի ու ապրանքի որակական վերահսկողությունը, անշուշտ, սխալված կլինենք, քանզի մի շարք կազմակերպություններ այսօր զբաղված են այդ խնդրով։ Բայց, փաստն այն է, որ այդ կազմակերպություններն այսօր շատ վատ են կատարում իրենց գործը։ Անշուշտ կան նաև ներմուծվող ապրանքի որակով զբաղվող պետական կառույցներ, սակայն այս դեպքում ևս, փաստ է, որ այս դաշտում ևս մեծ բացեր կան։
Հայ-թուրքական սահմանի բացումը և Թուրքիայի հետ առևտրական ու տնտեսական կապերի հաստատումը, որը
նախանշվում է արձանագրություններում, բնականաբար, ապրանքի վերահսկման տեսանկյունից առավել լայն աշխատանքային դաշտ է կանխատեսում։ Եվ եթե այդ ճանապարհին շարունակվի այս անփույթ վերաբերմունքը, հետևանքների մասին կխոսենք արդեն շատ ավելի տխուր երանգավորումներով…
Ինչպես շեշտում է պրոֆեսորը՝ անորակ ապրանք, առավելապես անորակ սնունդ օգտագործելով, մենք աստիճանաբար քայքայում ենք մեր օրգանիզմի իմունային համակարգը։ Իմունային համակարգի խանգարումներն են, որ հանգեցնում են ալերգիկ, ինչպես նաև մի շարք այլ, այդ թվում նաև քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը։ «Մենք հիմա նստած, զրուցում ենք, այդ ընթացքում մեզանից ամեն մեկի օրգանիզմում քաղցկեղային բջիջներ են զարգանում, բայց դա չի նշանակում, որ մենք հիվանդ ենք այդ հիվանդությամբ, քանի որ առողջ իմունային համակարգը դրանք անմիջապես ճանաչում և ոչնչացնում է։ Դրա համար պետք է վերին աստիճանի զգույշ լինել, որովհետև , եթե շարքից դուրս է գալիս իմունային համակարգը, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,- այսպես է բացատրում մասնագետը։
Հայ-թուրքական սահմանի բացման և թուրքական մթերքի ներմուծման հետ կապված խնդիրներում էլ Ս.Ղամբարովի կածիքով, պետք է շատ զգուշավոր լինել։
«Այդ ճանապարհին բազմաթիվ նրբություններ կլինեն։ Շատ դժվար գործընթաց է դա, դրա մասին հեշտ չի կարելի խոսել։ Անշուշտ, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Բայց այդ ճանապարհին սննդի որակի, դեղորայքի, կոսմետիկ միջոցների որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է ոչ թե տարերային բնույթ ունենա, այլ դրանց նկատմամբ պետք է գործի մշտական ու շատ խիստ հսկողություն»,- ասաց նա։
Պարոն Ղամբարովը խոսեց նաև այն մասին, որ սննդի որակի հետ կապված խնդիրներ առաջ են գալիս անգամ եվրոպական զարգացած երկրներում։ Սակայն ի տարբերություն մեզ, այս առումով նրանք առավել պաշտպանված են, և նրանց հաջողվում է վտանգը շատ արագ կանխարգելել։
Ուստի, այս ճանապարհին մենք պետք է, եթե ոչ հավասարվենք, ապա գոնե փորձենք մոտենալ առաջադեմ երկրներին։ Քանի որ այս դեպքում խոսքն առողջ սերունդ ունենալու մասին է։
Գոհար Փիլթոյան












