Արման Մելիքյան. «Հայաստանը գլխապատառ մտավ մի գործընթացի մեջ, որտեղից ակնկալիքներ չունի»
«Փաստարկ» ակումբի հյուր ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողներին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իր մտահոգությունները.
«Իրավիճակը մտահոգիչ է ոչ այն պատճառով, որ Հայաստանը և Թուրքիան սկսել են մերձեցման գործընթաց, այլ այն պատճառով, որ սկիզբն ու վերջը անհասկանալի են:
Հայաստանը գլխապատառ մտավ մի գործընթացի մեջ, որտեղից ակնկալիքներ չունի, քանի որ վստահություն չկա, որ գործընկերը խաղի մեջ կմնա մինչև վերջ»:
Արման Մելիքյանն անհանգստացած էր, որ ՀՀ ղեկավարությունն անգամ չի տեսնում հարաբերությունների կարգավորման հեռանկար, քանի որ չկա վստհություն, որ այդ արձանագրությունները կվավերացվեն:
«Մեզ սպասվում են դժվար տարիներ, և իշխանությունները չեն բացառում անգամ պատերազմի վտանգը: Իսկ արձանագրությունները սկզբում այնպես էին ներկայացվում, թե քննարակման փուլ են անցնելու, սակայն ինչպես տեսանք` իրականում ամեն ինչ նախապես որոշված էր և ոչ մի ընդդիմադիր կարծիք հաշվի չառնվեց»,- ասաց Արման Մելիքյանը:
Բանախոսն անհանգստացած էր, որ այդ հարաբերությունները հայ ժողովրդին բաժանում են երկու մասի` դեմերի ու կողմերի:
Մելիքյանը չմոռացավ նաև ընդդիմադիրներին ու ներկայացրեց նրանց թույլ կողմերը.
«Թույլ լինելու առաջին պատճառն այն է, որ գոյություն ունի արտաքին ճնշում: Իսկ ճնշում են գերտերությունները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը: Երկրորդ պատճառը ներքաղաքական իրավիճակն է, երբ ընդդիմադիր կողմը չի կարողանում համախմբվել և համախոհներին մեկտեղել, քանի որ միայն այդ դեպքում հավանական կլինի արձանագրությունների վավերացմանը դիմակայելը»:
Ընդդիմադիր դաշտի միջև առկա վիհը Արման Մելիքյանը ևս չանտեսեց` պատճառաբանելով այն հանգամանքով, որ և’ ՀՅԴ-ն, և’ ՀԱԿ-ը պատրաստ չեն ընդդիմադիր կեցվածքի ղեկը զիջել միմյանց, այլ յուրաքանչյուրը ցանկանում է իր տեսակետն առաջ տանել և ինքը լինել ընդդեմ արձանագրությունների հանդես եկող միասնական ուժի ղեկավարը: Իսկ եթե յուրաքանչյուրը մի կողմ դնի անցյալից եկող անհամաձայնությունները, ապա խնդիրները կլուծվեն` ՀՅԴ-ի դեպքում դա Ցեղասպանության չուրացումն ու ճանաչումն է, ՀԱԿ-ի դեպքում` ժողովրդավար պետության ստեղծումը:
Ա. Կ.












