Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ

Որտեղի՞ց է սկիզբ առնում վստահության սահմանագիծը

Հոկտեմբեր 20, 2009թ. 14:28

Հայ-թուրքական արձանագրությունները ներառում են նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդում։ Ի՞նչ է սա նշանակում, մշակութային ինչպիսի՞ համագործակցության մասին է խոսքը։

AnanjanԼևոն Անանյան (ՀՀ գրողների միության նախագահ)

«Մշակույթն ամենազորեղ զենքն է, միջոցն է, գործիքն է, որը կարող է ազդել ու ներգործել երկու երկրների հասարակական կարծիքի վրա։ Մենք պետք է կարողանանք գրականությամբ, թատրոնով, երաժշտությամբ, մշակույթի տարբեր ասպարեզներում ներկայացնել մեր այսօրվա Հայաստանը, մեր ժողովրդին։

Թուրքը պետք է ճանաչի 21-րդ դարի հային, մենք պետք է ճանաչենք 21-րդ դարի թուրքին։

Սա պատեհ առիթ է, որպեսզի մենք կարողանանք համագործակցության ծրագիր հաստատել Թուրքիայի գրողների միության հետ և փորձենք մեր հերթին, գրականության միջոցով ճշմարտությունն ասել թուրք ժողովրդին, թուրք հասարակությանը»։

Ազատ Եղիազարյան (գրականագետ)

«Բացի մեր ազգի ֆիզիկական բնաջնջումը, թուրքերը մեր հանդեպ նաև մշակութային գենոցիդ են կատարել։ Արևմտահայ մշակույթի ոչնչացումն այդ գենոցիդի մի էական մասն էր։ Ես կարծում եմ, որ նախևառաջ թուրքերի հետ մենք այդ խնդիրը պետք է պարզենք։ Նրանց պատասխանատվության հարցը պետք է պարզենք՝ մշակույթի մի ամբողջ հատվածի ոչնչացման համար։ Մինչև թուրքերը չընդունեն այդ փաստը, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է թուրքերի հետ մշակութային լուրջ խնդիրներ քննարկենք»։

AdamianԱշոտ Ադամյան (դերասան)

«Ես կարող եմ մշակութային հանձնաժողով ինչ որ ձևով պատկերացնել, բայց հանձնաժողով, որը քննելու է պատմական այն խնդիրը, որը մենք բոլորս գիտենք, դա ինձ համար աներևակայելի է և անընդունելի։ Այս պահին ոչ թե հարաբերությունների հիմնադրմանն եմ դեմ, այլ դեմ եմ նման ձևով փոխհարաբերությունների մեջ մտնելուն։

Մշակույթի ասպարեզում, կարծում եմ, միշտ էլ կարելի է համագործակցել։

Սակայն այն մեղքը, որն իր վրա կրում է թուրքական իշխանության ու թուրք ժողովրդի այն ժամանակաշրջանը, երբեք չի ներվելու։ Այսինքն՝ դրա պատասխանատվությունը նրանք միևնույն է, պետք է կրեն, և դրա հատուցումը մենք պետք է տեսնենք։

Մենք դարեր շարունակ կողք-կողքի ապրել ենք և, հասկանալի է, որ ինչ-որ ձևով առնչություններ ենք ունեցել միմյանց հետ։ Սակայն… բարի-դրացիական հարևանությունը ենթադրում է, որ ազնիվ հարևաններն իրար հետ երբեմն մաքուր սրտով, առանց զենքի նստեն սեղանի շուրջ և գուցե միասին նաև երգեն ու պարեն»։

Հարցուփորձը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն