Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը երրորդ երկրների դիտակետից

Հոկտեմբեր 20, 2009թ. 16:04

ArmAr.am էլեկտրոնային թերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը: Առաջին հոդվածում խոսվել է  Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: Երկրորդում հեղինակն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումներին:

ԵՎՐՈՊԱ

Եվրոպան, որպես միջազգային քաղաքական դերակատար,Միացյալ Նահանգներին հակադրված է իր համաեվրոպական կառույցների տեսքով: Դրանք գլխավորապես Եվրոմիությունը և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունն  /ԵՀԱԿ/ են : «Հակադրված» բառը պայմանական իմաստ ունի: Եվրոպան Միացյալ Նահանգների հետ` կրողն է քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական այն արժեքների ու ծրագրերի, որ մեր օրերում  արտահայտվում է «Արևմուտք» անվանմամբ:  Սակայն երկրորդ աշխարհամարտից հետո, այն բանից հետո, երբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տնտեսական ու ռազմական ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվել է հօգուտ վերջինիս, «միացյալ Արևմտյան աշխարհում» առաջին ձայնի իրավունքը վերցրել է Վաշինգտոնը: Բավական է նշել, որ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների ներդրումները գերազանցում  են այդ կազմակերպության մեջ եվրոպական բոլոր երկրների ներդրումները: Ուժերի այդ անհավասարությունն ավելի է խորացել ԽՍՀՄ լուծարումից հետո:  Արևմուտքը, որպես միասնական ռազմաքաղաքական ու քաղաքակրթական գործոն, թե միասնական է /եթե խոսքն իրենց համար ընդհանուր վտանգներին հակադրվելու մասին է/, թե հակասություններով լի` «ներքին կյանքի» տեսակետից: Շատ ու շատ դեպքերում Միացյալ Նահանգների ու Եվրոպայի շահերը տարամետ են: Հաճախ այդ մասին չեն էլ խոսում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն «արևմտյան քաղաքականության» այն ուղղություններից մեկն է, որտեղ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միասնականությունը կարող է խաբուսիկ լինել: Եվրոպան, և առաջին հերթին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան, մտավախություններ ունեն Թուրքիայի` Եվրոպա մուտք գործելու հարցում: Խնդիրը միայն Եվրոպա մտնելու համար  թուրքի անպատրաստ լինելը չէ: Թուրքիան միայն Ստամբուլը չէ: Եվ հազիվ թե այսօր այդ ժողովրդին կարելի լինի դիտել որպես եվրոպական քաղաքակրթական արժեքներ կրողի, չնայած Եվրոպան չի թաքցնում իր մտադրությունները Թուրքիային եվրոպականացնելու հարցում: Բայց խնդիրը միայն դա չէ: Թուրքիան յոթանասուն միլիոնանոց պետություն է, և եվրոպական կառույցներ մուտք գործելու դեպքում նա դրանցում կունենա նշանակալից տեղ: Չի բացառվում, որ ոչ թե Թուրքիան դառնա Եվրոպա, այլ Եվրոպան դառնա Թուրքիա: Այս մտավախությունն իրոք լուրջ բնույթ ունի, եթե նկատի ունենանք  թուրքական ժողովրդագրական գրոհը Եվրոպայի վրա: Այսօր իսկ Թուրքիան թուրք է արտահանում Եվրոպա, և արդեն իսկ տեսանելի հեռանկարում Գերմանիան խնդիր կունենա` կապված ներքին թուրքական գործոնի հետ: Որքան Եվրոպայում առաջատար պետություն դառնալու հեռանկարը հրապուրիչ ու ցանկալի է Թուրքիայի համար, այնքան այն անցանկալի է եվրոպական լիդերների և առաջին հերթին` Ֆրանսիայի ու Գերմանիայի համար: Պատահական չէ, որ Փարիզում և Բեռլինում հակված են խոսելու ոչ թե Եվրոմիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության, այլ նրա հետ հատուկ հարաբերություններ հաստատելու մասին:

Այն, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի համար անցանկալի է Թուրքիային տեսնել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամի կարգավիճակում, տեսանելի է անզեն աչքով: Անցանկալի է հենց իրենց ներքին խնդիրների և սեփական շահերի տեսակետից: Սակայն ժողովրդավարության ու եվրատլանտյան դաշինքի միասնության պահպանության գաղափարները թույլ չեն տալիս այդ մասին բարձրաձայնել: Ահա թե ինչու Եվրոպան հենց Հայոց Ցեղասպանության հարցն է դարձրել այն արգելքը, որը փակում է Թուրքիայի մուտքը Եվրոմիություն: Մենք, անկասկած, գործ ունենք մեր ազգային ողբերգության քաղաքական շահարկման հետ: Ընդ որում, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան Հայոց Ցեղասպանության հարցը շահարկում են հակադիր դիրքերից: Առաջինը շահարկում է` չճանաչելով մարդկության դեմ կատարած այդ հանցագործությունը, երկրորդը շահարկում է` ճանաչելով և իր շահերին ծառայեցնելով այն: Ընդ որում, կարևոր է նկատել, որ, ասենք, Ֆրանսիան, ճանաչում է անցյալ դարի սկզբներին տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, սակայն չի նկատում դարավերջին Խորհրդային Ադրբեջանի հայության ցեղասպանությունը /այս դեպքում կա նաև մեր մեղքը, քանի որ մենք էլ չենք խոսում այդ մասին/:

Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարցում Արևմուտքի արտաքին միասնության տակ խմորվում են խորը հակասություններ, որոնք, սակայն, հայ-թուրքական փաստաթղթերի «գործողության մեջ մտնելու» նախնական փուլերում գուցե և չերևան: Բայց դրանք ընդհանրապես լռության քողի տակ մնալ չեն կարող: Որքան ավելի ուժեղանա Թուրքիային Եվրոպա մտցնելու Վաշինգտոնի ճնշումը, որքան այդ ընթացքում համառ դառնան նրա հորդորները Եվրոմիություն մտնելու համար հանելու Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման պայմանը, այնքան զգալի կդառնան այն տարբերությունները, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգներն ունեն Թուրքիայի հարցում: Կարելի է կանխատեսել,  որ Վաշինգտոնից Եվրոպա ուղարկված մեսիջները մոտավորապես կունենան հետևյալ բովանդակությունը. «Հայաստանը և Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների մեջ են, և կարիք չկա ցեղասպանության թեմայով խաթարել նրանց բարենորոգվող հարաբերությունները, որ ձեռնտու է Արևմուտքին /և առաջին հերթին` Եվրոպային/` կասպյան էներգակիրների ճանապարհի անվտանգության տեսակետից: Եկել է հայոց ցեղասպանության հարցը Եվրոպայի քաղաքական օրակարգից հանելու ժամանակը»: Ահա նման փաստարկներով պետք է Վաշինգտոնը համոզի Եվրոպային` հանել Հայոց Ցեղասպանության ճանաչման պայմանը, որ մինչ օրս արգելափակոցի դեր է կատարում Եվրոպա մտնելու Թուրքիայի ճանապարհին: Եվրոպան կամ չի անսա Վաշինգտոնի հորդոր-պահանջներին, կամ, ամենայն հավանականությամբ, կդնի նոր պայմաններ:

Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցում հնարավոր են  տարակարծություններ ոչ միայն Եվրոպա-ԱՄՆ հարթության վրա, այլ նաև բուն եվրոպական ընտանիքի ներսում: Ակնհայտ է, որ Թուրքիայի նկատմամբ Իսպանիան ու Կիպրոսը, Հունաստանն ու Լեհաստանը, Գերմանիան ու Անգլիան, Բուլղարիան ու Շվեդիան նույն վերաբերմունքը չպիտի ունենան` հատկապես գլոբալ կամ աշխարհամասի լարվածության պայմաններում: Եվ չի բացառվում, որ սկզբունքային որոշումներ ընդունելու պահին հենց Հայոց Ցեղասպանության հարցը դառնա  /դրա անտեսումը կամ շեշտումը/ այն խաղաքարտը, որ այդ երկրները կօգտագործեն ընդդեմ կամ հօգուտ Թուրքիայի: Սակայն միշտ էլ` իրենց ազգային շահերի դիտակետից: Հայոց շահերը նրանց համար կարող է և ոչ մի արժեք չունենան: Մենք պարտավոր ենք դա հաշվի առնել և մեր արտաքին քաղաքականությունը կառուցել այդ հանգամանքն իմանալու իրատեսությամբ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն