Իշխանությունը հասկացե՞լ է, որ ծուղակում է
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, ՀՀ քաղաքական վերնախավի եւ վերլուծական մտքի պատճառով է, որ ժողովրդի մեծ մասը, այնուամենայնիվ, լավ չի հասկանում, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ է կատարվում: «Մարդիկ նույնիսկ կենցաղային մակարդակով, ընտանիքներում են քննարկում: Մի մասը խոսում է, որ ծախեցին Արեւմտյան Հայաստանը, մյուս մասն ասում է, որ ուրացան, մյուս մասն էլ ասում է` լավ է, սահմանները կբացվեն: Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում քննարկում են մի բան, միջազգային հարթությունում` մեկ այլ բան»,- մամուլի «Հայացք» ակումբում այսօր հայտարարեց քաղաքագետը` եզրակացնելով, որ մեր հասարակությունը միջազգային հարաբերությունների եւ տեղեկատվության հոսքից դուրս է կանգնած:
Քաղաքագետի խոսքերով, շատ լուրջ եւ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, եւ եթե մեր ժողովուրդը չունի պետական մտածողություն, 600 տարի պետություն չունենալու պատճառով, գոնե պետք է ունենա անվտանգության բնազդ:
Ե. Բոզոյանի գնահատմամբ` «տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտության քաղաքականության արդյունքում մենք լրջագույն վտանգի առաջ ենք կանգնած»: Լրջագույն վտանգ ասելով` քաղաքագետը նկատի ունի ոչ միայն Ցեղասպանության հարցի միջազգայնացման դադարեցումը, այլեւ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը:
«ԼՂՀ-ի հարցում Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարար չկա, եւ եթե ադրբեջանական կողմը որեւէ կոմպրոմիս չի ուզում տեսնել ԼՂՀ կարգավիճակի հետ կապված, հայկական կողմից խոսել որեւէ զիջումների մասին` ուղղակի ծիծաղելի կլինի: Որովհետեւ այդ մարդիկ փոխզիջման մասին չեն խոսում, ամբողջն են ուզում»,- ասաց բանախոսը` ավելացնելով, որ սառեցված հակամարտության պարագայում Ղարաբաղյան խնդիրը սկսեց ակտիվորեն քննարկվել միջազգային հարթությունում` ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում:
Իսկ ամենավտանգավորն այն է, որ այդ խնդրին խառնվելու իրավունք ստացավ նաեւ Թուրքիան:
Խոսելով հայ-թուրքական արձանագրություններում առկա նախապայմանների մասին` քաղաքագետ Ե. Բոզոյանը նշեց, որ Ցեղասպանության հարցը Թուրքիային լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցնում` թույլ չտալով նրան տարածաշրջանում լինել լուրջ գերտերություն: Նաեւ ասաց, որ այս հարցը միջազգային հարաբերություններում Թուրքիայի դեմ գործիք էր: Այնինչ Թուրքիան կարողացավ խնդիրը միջազգային հարաբերություններից տեղափոխել երկու երկրների հարաբերությունների մակարդակ:
Սա քաղաքագետը համարում է ծուղակ եւ վստահ է, որ այդ ծուղակում Հայաստանը հայտնվել է ինքնակամ, առանց պարտադրանքի. «Մեր ղեկավարները անկեղծորեն ձգտում էին հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավել, բայց մեր վերախավի քաղաքական պատկերացումները չեն համապատասխանում միջազգային իրականությանը»,- նշեց Ե. Բոզոյանը` հավելելով, որ իշխանությունը հասկացել է, որ ծուղակում է: Նա փորձում է դուրս գալ այդ ծուղակից, բայց միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Հայաստանն ու Թուրքիան հեշտությամբ խափանեն գործընթացը:
Իսկ թե ինչու Հայաստանի ղեկավարությունը մեկ տարի առաջ որոշեց այդ տխրահռչակ ֆուտբոլային քաղաքականությունը վարել, քաղաքագետը տարբեր պատճառներ է տեսնում, որոնք չնշեց:
Անդրադառնալով հարցին` պե՞տք է հավատալ թուրքական կողմի հայտարարություններին, թե սահմանը կբացվի, եթե զորքերը դուրս բերվեն, նրա խոսքերով` «օկուպացված տարածքներից», Ե. Բոզոյանը պատասխանեց, որ ինքը հավատում է ՀՀ նախագահի խոսքերին, երբ խոսքը վերաբերում է այդ տարածքներից հայկական զորքերը դուրս բերելուն, որովհետեւ զորքերը դուրս բերողը նա է: Իսկ երբ Թուրքիան հայտարարում է, թե սահմանը կբացի, եթե այս կամ այն պահանջները իրականացվեն, ինքը հավատում է թուրքական կողմի ասածներին, որովհետեւ սահման բացողը Թուրքիան է:












