Գլխավոր » Լրահոս

Հակոբ Չաքրյան. «Ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնությունը Հայաստանին հուշել են դրսից»

Հոկտեմբեր 20, 2009թ. 15:56

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնությունը Հայաստանին չի պատկանում, և եթե ՀՀ նախագահին չհուշեին, որ պետք է Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան, նա չէր հրավիրի: Եվ եթե Թուրքիայի նախագահն էլ իմանար, որ հրավիրողը միայն Հայաստանի նախագահն է, դժվար թե գար Հայաստան: Թուրքագետի կարծիքով, Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու հարցում  Սերժ Սարգսյանին «հուշել» են դաշնակից երկրները:

Թուրքագետի կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման եւ սահմանների բացման իմաստը մեզանում գերագնահատվում է և հարկ եղածից շատ է ուշադրություն  դարձվում, ինչը, որպես կանոն, սահմանափակում է  ճիշտ կողմնորոշվելու հնարավորությունը:

Հ. Չաքրյանը նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը Հայաստանում շահարկվում է թե’ իշխանության, թե’ ընդդիմության կողմից: «Ընդդիմությունը շահարկում է, իշխանություններն էլ նախընտրում են շահարկումներին պատասխանել: Եթե լուրջ  քննադատություն հնչի, վերջինս ստիպված կլինի վերլուծել եւ սեփական տեսակետը հայտնել: Եվ շահարկելն  է հեշտ, և շահարկումներին պատասխանելը»,- նկատեց թուրքագետը: Վերջինս քննարկում չի համարում նաեւ կուսակցությունների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպումը, ԱԺ-ում կազմակերպված լսումները, որտեղ ելույթ ունեցողների մի մասը, ըստ բանախոսի, «ափեղ-ցփեղ» դուրս էր տալիս, մի մասն իրեն ցույց տալու համար էր ելույթ ունենում, մյուս մասն էլ` անհավասարակշիռ արտահայտություններ էր անում:

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի օրերին Հակոբ Չաքրյանը ևս Բուրսայում էր և թուրք լրագրողների հետ բանավեճի ժամանակ անդրադառնալով թուրքական կողմի ոչ կառուցողական հայտարարություններին` ասել է, որ հայկական կողմը հիմք է ընդունելու ոչ թե արձանագրությունների վերաբերյալ թուրքական մեկնաբանությունները, այլ` արձանագրությունների տեքստը: Թուրքագետը թուրք լրագրողներին հիշեցրել է նաեւ արձանագրությունների ստորագրման օրը ՀՀ նախագահի` հայ ժողովրդին հղած ուղերձը, ըստ որի` Հայաստանը գործընթացին վերջ կտա, եթե Թուրքիան շարունակի Հայոց Ցեղասպանության հարցը եւ Ղարաբաղի հիմնահարցը որպես նախապայման առաջադրել:

Հ. Չաքրյանը հույս հայտնեց, որ նախագահն իր խոստման տերը կլինի:

Թուրք լրագրողների հետ զրուցելով հայ-թուրքական ստեղծվելիք միջկառավարական հանձնաժողովի շուրջ` ասել է. «Պատկերացրեք` հանձնաժողովը եթե որոշի, թե 15 թվականին հայերի ցեղասպանություն տեղի չի ունեցել: Բայց  չէ՞ որ  22 երկրներ արդեն իսկ խորհրդարանի մակարդակով ընդունել են Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ են անելու»: Հ. Չաքրյանը նշել է նաեւ, որ պատմաբանները քաղաքական խնդիր քննարկելու եւ քաղաքական գնահատականներ տալու իրավական ուժ չունեն:

Նրա խոսքերով, Հայաստանը 18 տարի դիմագրավել է Թուրքիայի ճնշումներին, 16 տարի շրջափակման մեջ գոյատեւել է` արձանագրելով որոշակի տնտեսական աճ: Եվ այժմ Թուրքիան ինքը պետք է ավելի շահագրգռված լինի սահմանը բացելուն եւ հարաբերությունների բարելավմանը, որովհետեւ, օտարելով Հայաստանին, Հարավային Կովկասում թուրքական յուրաքանչյուր նախաձեռնություն մատնված է ձախողման:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն