Դաշնակցությունը դեռ հույսեր ունի
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի կարծիքով, եթե Հայաստանի դիվանագիտությունը լիներ կազմակերպված, խելացի, ուժեղ, ապա Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելուց առաջ պայման կդներ որեւէ գործընթաց սկսել միմիայն սահմանի բացումից հետո: Բայց քանի որ իշխանությունը նման քայլերի չդիմեց, եւ հայ-թուրքական արձանագրություններն էլ Դաշնակցությունն ու նրան համագործակցող ուժերը համարում են անընդունելի, ուստի Ա. Շահբազյանը անհրաժեշտ է համարում ողջ ժողովրդի համագործակցությունը` ձախողելու համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը:
«Կան խնդիրներ, որոնք չի կարելի վերածել ներքաղաքական հաշիվների: Տխուր օրինակ բերենք մեզ համար, որ մեր հարեւանները` Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, իրենց ազգային հարցերում երբեք չի լինում, որ ներքին տարաձայնություն ունենան»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ գործիչը` հույս հայտնելով, որ նման վճռականություն կլինի նաեւ Հայաստանում:
Ա. Շահբազյանը վստահ է, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները` առանց որեւէ վերապահման, որովհետեւ դա հայկական կողմին եւս նույն ճանապարհով կտանի: Իսկ Թուրքիան կվավերացնի, որովհետեւ ամբողջությամբ իր շահերից է բխում:
Ա. Շահբազյանը կարծում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ: Դա, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը որպես նախապայման լինելու մասին տեսակետներն ապացուցում են արձանագրությունների ստորագրման արարողությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությունը: «Ի՞նչ կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ: Չե՞նք տեսնում, որ սրանք իրար կողք են դրված»,- նշեց դաշնակցական գործիչը` անընդունելի համարելով հայաստանյան քաղաքական գործիչների, իշխանությունների եւ վերլուծաբանների պնդումները, թե Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերություններին կապելու թուրքական կողմի հայտարարությունները ներքին սպառման համար են. «Ի՞նչ է նշանակում Թուրքիայի պես կազմակերպված երկրում ներքին սպառման համար սուտ խոսել: Սա այդ երկիրը չէ: Թուրքիան կազմակերպված երկիր է: Այս երկրում այդպիսի սուտ խոսելով, ճարպկություն անելով քաղաքականություն տանել հնարավոր չէ: Գուցե մեր իշխանությունները հերքում են ներքի՞ն օգտագործման համար»: Ա. Շահբազյանի խոսքերով, ինչպես որ պարտադրվեց արձանագրությունների ստորագրումը, նույնկերպ կպարտադրվի նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, այլապես, ըստ նրա, իմաստ չի ունենա այս փուլի գլուխ բերելը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի եւ Դաշնակցության համագործակցության շուրջ տեսակետներին, Ա. Շահբազյանը նշեց, որ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, ովքեր դեմ են հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացին: «Մենք այսօր ազգի համար ճակատագրական, պատմական եւ կենսական ենք համարում այս փաստաթղթերի մերժումը կամ բարեփոխումը: Որեւէ ուժ, որ կընդունի մեր մտահոգությունները, պատրաստ ենք մեր կողքին տեսնելու եւ կանգնելու իր կողքին եւ պայքարելու այս հարցերի համար: Այլ խնդիրներ, որոնք մասնավոր հարցեր են լուծում, թե ում ինչ աթոռ բաժին կընկնի, այսօր մենք այնքան չենք կարեւորում, որ հիմնական հարցերը թողնենք եւ ընկնենք երկրորդական հարցերի հետեւից: Խնդրեմ, եթե մարդիկ կգան, կմիանան սկսված պայքարին, մենք պատրաստ ենք համագործակցելու: Այլ դեպքում այդ համագործակցությունն ինքնանպատակ կլինի եւ անիմաստ: Պետք է բոլոր քաղաքական ուժերը պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Վաղը ոչ մի ուժ չպետք է ասի, թե ես այս-այս պատճառներով մասնակից չեղա: Կամ դու պատասխանատվություն ես կրում, կամ դառնում ես անպատասխանատու ազգի համար կարեւորագույն խնդիրներում: Սա այն հարցը չէ, որ հավակնություն ունենանք, անջրպետ լինի: Ուրախ կլինենք, որ բոլորս միասնաբար գնանք առաջ: Մենք այլ խնդիրներ չունենք, երբ հրապարակ ենք կանչում ժողովրդին»,- նշեց Արտաշես Շահբազյանը:
Դաշնակցության հետագա պայքարի մասին խոսելով` ՀՅԴ գործիչն ասաց, որ Դաշնակցությունը դեռ հույս ունի օրինական ճանապարհով կասեցնել ներկա գործընթացը: Օրինական ճանապարհը Դաշնակցության համար Սահմանադրական դատարանում տարվելիք աշխատանքն է, որպեսզի հակասահմանադրական ճանաչվեն արձանագրությունները: Հաջորդ օրինական ճանապարհը Աժ քնարկումներն են: Այստեղ հաջողություն չունենալու դեպքում, ըստ դաշնակցական գործչի, կլինեն մնացած քայլերը:
Armar.am












