Գլխավոր » Լրահոս

Գերմանացի արվեստագետ. «Հայ փախստականները երազում են հայրենիք վերադառնալու մասին»

Հոկտեմբեր 21, 2009թ. 16:38

AniԱյսօր ժամը 18-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա գերմանացի արվեստագետ Վերենա Քիսելկայի «Անդրկովկասյան իդենտիֆիկացիա» վիդեո-ինստալացիայի ցուցադրություն-ցուցահանդեսը: Այն կտևի հոկտեմբերի 21-27-ը:

Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեցին հեղինակը և համագործակցող արվեստագետներ Մկրտիչ Տոնոյանն ու Սուսաննա Գյուլամիրյանը, ծրագիրն իրականացվել է Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի հետ համատեղ:

40 րոպեանոց ֆիլմն ստեղծվել է գերմանացի արվեստագետի` Հայաստանում և Արցախում մեկ ու կես ամիս կատարած հետազոտությունների արդյունքում: Հայաստանի` իր հարևանների հետ հարաբերությունների հարցը Քիսելկան ուսումնասիրել է` հատկապես շեշտը դնելով փախստականների խնդրի վրա:

Բազմաթիվ հարցազրույցների արդյունքում պարզ է դառնում, որ Բաքվից, Սումգայիթից գաղթածները չեն էլ ուզում լսել այնտեղ վերադառնալու մասին, իսկ Գանձակից, Արցախի` Ադրբեջանի կազմում մնացած տարածքներից հեռացածները երազում են վերադառնալու մասին. «նրանք այդ տարածքներն ընկալում են որպես հայրենիք»: Թվում է, թե մանրուք է: Բայց նման մանրուքների վրա է ուշադրություն դարձնում հեղինակը:

Կազմակերպիչները հավաստիացնում են, որ հայ մասնակիցները ոչ մի կերպ չեն ազդել Վերենա Քիսելկայի աշխատանքների վրա, քանի որ ֆիլմի հիմնական նպատակը եղել է օտարի աչքերով խնդիրը դիտելն ու աշխարհին այդպես ներկայացնելը:

Ֆիլմը հիմնականում ստեղծված է միջազգային լսարանի համար: Իսկ թե ինչ արձագանք կունենա հայ հանդիսատեսի կողմից, դժվար է պատկերացնել:

Մկրտիչ Տոնյանի խոսքերով, եթե անգամ հայ հանդիսատեսի արձագանքը բացասական լինի, «գուցե օգնի մեզ արթնանալու պատերազմից հետո առաջացած անտարբերությունից ու թմբիրից»:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն