Նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական ռազմական դաշի՞նք
Թուրքերը ճակատ են նախապատրաստում ՀԱՊԿ-ի դեմ
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ռազմական փորձագետներից մեկը` Ուզեիր Ջաֆարովը, հոկտեմբերի 20-ի երեկոյան մի հայտարարություն է տարածել տեղական լրատվամիջոցներով: Ըստ այդ հայտարարության, նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի ստեղծում` հնարավոր պատերազմներին միասնական ուժերով դիմակայելու նպատակով: Եվ ահա, փորձագետը մատնանշում է Արցախյան հիմնախնդիրը պատերազմով լուծելու հավանականությունը: Վերջինս չի խուսափում նշել, որ հարևան երկրներից Ռուսաստանն ու Իրանը, բացահայտ թե թաքուն, օգնել և ներկայումս էլ օգնում են հայկական կողմին` Արցախը ադրբեջանցիներից զերծ պահելու համար:
Ջաֆարովի հիմնական թիրախ է դարձրել հատկապես Իրանը, որը մահմեդական երկիր լինելով` չի պաշտպանում մահմեդական Ադրբեջանին:
Սակայն ադրբեջանական տեղեկատվության, կամ նույնիսկ կարելի է ասել` մեսիջի հիմնական նպատակն ավելին է, քան Հայաստանին ու նրա ռազմավարական դաշնակիցներին մեղադրելը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ ծրագրեր ունեն. ռազմական դաշինք կնքելով` ուժերի վերաբաշխում իրականացնել տարածաշրջանում:
Եվ այդ մասին այս հայտարարությունը, կամա, թե ակամա, բացահայտում է:
Դեռևս Կարսի ոչ իրավական պայմանագրով թուրքերը ձգտում էին իրենց իրավական և ռազմական խնամակալության տակ վերցնել Նախիջևանը: Լենինի միակ ոչ թուրքամետ դիրքորոշմամբ դա չիրականացավ, սակայն թուրքական ծրագիրն այսօր էլ կենդանության նշաններ է ցույց տալիս: Ավելին` Թուրքիան ձգտում է ժամանակի ընթացքում իր ռազմական ներկայությունը հաստատել Հարավային Կովկասում` ստանձնելով Ռուսաստանի իրական հակակշռի դերը:
Այն, որ Վրաստանում արդեն իսկ տեղադրվող թուրքական ռազմակայանների հետագա գոյությունը հօդս ցնդեց, պատճառն, անշուշտ, հարավ-օսական պատերազմն էր, բայց դա դեռ չի նշանակում, որ թուրքերը հրաժարվել են իրենց ռազմական նպատակներից:
Ադրբեջանցի փորձագետի տարածած հաղորդագրության մեջ հնչող այն միտքը, թե Միացյալ Նահանգների դաշնակիցը պետք է ռազմական ներկայություն ունենա տարածաշրջանում` ուժերի հավասարակշռություն պահպանելու համար, ընդամենը ՀԱՊԿ-ի դեմ տարածաշրջանային պատնեշ ստեղծելու մասին է վկայում: ՀԱՊԿ անդամ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, պարտավորվել են հնարավոր պատերազմական իրավիճակներում օժանդակել իրար: Եվ, բնականաբար, նման պարագայում Ադրբեջանի մտքով անգամ չի կարող անցնել պատերազմ հրահրել Արցախի դեմ, եթե նրա թիկունքում կանգնած չլինի Թուրքիան: Իսկ այսօր արդեն թուրքական պետական պաշտոնյաները բացահայտորեն հայտարարում են, որ «ադրբեջանական հողերը պետք է վերադարձնել Ադրբեջանին` անգամ ռազմական ուժով» (Ահմեդ Դավութօղլու): Այնպես որ, եթե ԱՄՆ-ը չձգի իր արևելաեվրոպական ֆորպոստի սանձերը, ապա Արցախի շուրջ նոր պատերազմի վերսկսման հավանականությունն առավել մեծանում է: Սակայն այս անգամ արդեն որպես պատերազմող կողմեր մեկմեկու դիմաց կկանգնեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև մի կողմից պատերազմի մեջ կներքաշվի Թուրքիան, մյուս կողմից` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը. ի վերջո, ստանձնած պարտավորությունները վերջիններիս կստիպեն գնալ այդ քայլին:
Հ.Գ. Հայկական ռադիոյին հարցնում են` հնարավո՞ր է երրորդ համաշխարհային պատերազմի վերսկսում: Պատասխանում է` հնարավոր չէ, բայց խաղաղության ու տնտեսական հաջողությունների համար այնքան պատերազմներ կլինեն, որ քարը քարի վրա չի մնա:
Նաիրի Հոխիկյան
Թեգեր` Ադրբեջան, Թուրքիա, ռազմական դաշինք












