Գլխավոր » Լրահոս

Հայաստանը պատրաստ է դիմակայել «խոզագրիպին»

Հոկտեմբեր 21, 2009թ. 18:36

swinoj gripp«Հայաստանն ունի Տամիֆլյու դեղամիջոցի այն նվազագույն քանակը, որպեսզի կարողանա կանխարգելել կամ դիմակայել  AH1N1 գրիպի վիրուսին»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Օրեցօր ավելի մեծանում է այն երկրների թիվը, որտեղ գրանցվում են «խոզագրիպով» վարակման և այս վարակից մահացության դեպքեր, իսկ  ԶԼՄ-ներում հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ գրիպով վարակվածների թիվն իրականում ավելի մեծ է, քան հայտարարվում է: Հայաստանն այս առումով թերևս հաջողակների ցուցակում է` վիրուսի հայտնաբերման օրից մինչ այժմ վարակի ոչ մի դեպք հանրապետությունում չի արձանագրվել. այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում, դեռևս 2009 թվականի ապրիլից, երբ Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց վիրուսի մասին, «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել է  երկու ջերմացույց, որոնք հնարավորություն են տալիս  հեռավորության վրա որոշել` տվյալ ուղևորը ջերմություն ունի՞, թե՞ ոչ: Սարքի օգնությամբ մինչ օրս հայտնաբերվել է 10 կասկածելի դեպք` մարդիկ, ովքեր արտերկրից հանրապետություն են մուտք գործել բարձր ջերմությունով և գրիպի ախտանիշներով: Սակայն հոսպիտալացման և հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանք բորբոքային բնույթի այլ հիվանդություններ են:

Այս միջոցառումներից բացի, ուղևորներին տրամադրվում են «Առողջության հարցաթերթիկներ» , որտեղ նշվում է տվյալ ուղևորի բնակության վայրը, անձնագրի տվյալները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բոլոր միջոցառումներն իրականացնել: Համաճարակի կանխարգելման նպատակով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկ ամբողջ մասնաշենք մասնագիտացվել է նմանատիպ հիվանդների բուժման համար և անհրաժեշտության դեպքում պետպատվերի շրջանակներում կբուժի հիվանդներին: Այստեղ գործում է նաև լաբորատորիա, որը վերազինված է ժամանակակից սարքավորումներով, և որտեղ կարող է հայտնաբերվել և բուժվել ինչպես  AH1N1 գրիպը, այնպես էլ սեզոնային գրիպի բոլոր ենթատեսակները, այդ թվում` նաև Թռչնի գրիպը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) եկող շաբաթ կայանալիք միջազգային խորհրդակցությանը կքննարկվեն պատվաստանյութի վերաբերյալ բոլոր նորությունները և մտավախությունները:  Նոյեմբերի առաջին տասնամյակում  Հայաստանում  սպասում են ԱՀԿ-ի կողմից  առավել խոցելի խմբերի համար տրամադրվող  պատվաստանյութերի առաջին չափաբաժինը: Հայաստանում այդպիսիք համարվում են առողջապահության համակարգի աշխատողները, ովքեր անմիջականորեն կապ ունեն հիվանդների հետ:

Վարակի մասին բազմիցս խոսվում է ամենատարբեր ԶԼՄ-ներով: Հասաարակությանն այդ մասին առավելագույնս իրազեկելու նպատակով լրատվամիջոցներին ավելացել է «Կանխարգելենք գրիպը» հուշաթերթիկը, որտեղ մանրամասն նկարագրվում են բոլոր այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հիվանդությունը կանխարգելելու համար: Այս ամենին ավելացել է նաև Առողջապահության նախարարության թեժ գիծը: Զանգահարելով  528872 և 650305 հեռախոսահամարներով` քաղաքացիները կարող են իրենց հուզող հարցերի պատշաճ պատասխանը ստանալ:

ՀՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը չբացառեց «խոզագրիպի» ներթափանցումը հանրապետություն,  բայց և վստահեցրեց, որ հիվանդների բուժումը կկատարվի պետպատվերի շրջանակներում:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն