Ադրբեջանի հասարակությունը հիվանդացել է պատերազմացավով
«Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, ադրբեջանական դիվանագիտությունն ակնհայտորեն անպատրաստ էր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին,– գրում է ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթի թղթակիցն իր` «Ադրբեջանը նախապատրաստվում է Ղարաբաղի կորստին» հոդվածում: Վերլուծաբանի համոզմամբ` պատճառն այն է, որ ի սկզբանե սխալ հունով է ընթացել Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը: Իսկ «սխալ հուն» ասելով` հոդվածագիրը նկատի ունի այն, որ այսօր Ադրբեջանի պետական շահերը ծառայեցվում ու զոհաբերվում են իշխող վերնախավի կլանային շահերին:
Թերթը նկատում է, որ թեպետ Ադրբեջանը, շնորհիվ նավթային ռեսուրսների, Կովկասի ամենահարուստ պետությունն է համարվում, բայց, դրանով հանդերձ, նրա հետ ոչ մի երկիր հաշվի չի նստում: Հոդվածագիրը մի դիպուկ համեմատություն է անում. «Մենք նման ենք կռվից հետո բռունցք թափահարողի»: Ադրբեջանցի լրագրողը գիտակցում է, որ Արևմուտքին պետք է ոչ թե Ադրբեջանը, այլ իր երկրի նավթային ռեսուրսները. «Այսօր Արևմուտքը մեզ պատասխանում է սև անշնորհակալությամբ: Մի՞թե դա ռազմավարական գործընկերություն է:…. Եւ սա` այն պատճառով, որ մենք շատ բան ենք զիջել նրան, իսկ զիջում պահանջում են նրանից, ով բարոյապես պատրաստ է զիջել… Ադրբեջանի իշխանությունն ի վիճակի չէ համարժեքորեն արձագանքելու մարտահրավերին»:
Սեփական իշխանություններին քննադատելուց հետո հոդվածագիրն, ի վերջո, հուսահատորեն նկատում է, որ Արևմուտքը երբեք Ադրբեջանին թույլ չի տա, որ Ղարաբաղում պատերազմ վերսկսվի: Իսկ թե ինչու է դրանից այդչափ հուսահատվել ադրբեջանցի լրագրողը, պատճառն ակնհատ է. Ադրբեջանի նախագահ Ալիևն այնքան է պատերազմի վերսկսման մասին բարձրագոչ հայտարարություններ հնչեցրել, այնքան է սեփական հասարակությանը տրամադրել դրա անհրաժեշտության ու անխուսափելիության նկատմամբ, այնքան է վստահեցրել, որ իր «հզոր» բանակը «մի զարկով» հաղթանակ է տոնելու, (ի դեպ, ադրբեջանական հեռուստաալիքներով անվերջ ատելություն է քարոզվում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ), որ ադրբեջանական հասարակությունն այսօր ինքն է արդեն պատերազմի վերսկսման պահանջ բարձրացնում, անգամ մտահոգվում, թե ինչո՞ւ են այն ուշացնում: Ահա թե որտեղից է գալիս ադրբեջանցի լրագրողի այն հուսահատ արձագանքը, թե Հարավային Կովկասում այլևս պատերազմ չի լինելու, քանի որ դա չի ցանկանում «Ադրբեջանին բանի տեղ չդնող Արևմուտքը»: Հոդվածագիրը հայտնագործություն արածի պես եզրակացնում է` Արևմուտքը պատերազմ չի կամենում, որովհետև այս տարածաշրջանով են անցնում և անցնելու կարևորագույն կոմունիկացիաները, «որոնց ուղղությամբ Արևմուտքը հսկայական ներդրումներ է կատարել ու շարունակում է կատարել»:
Հոդվածն ավարտվում է այսպիսի հուսահատական նրբերանգներով. «Քանի դեռ դրանք գոյություն ունեն, քանի դեռ նավթ են մղելու դեպի Արևմուտք, պատերազմ չի նախատեսվում: Ուստի Ադրբեջանը կշարունակի մնալ բարդ իրավիճակում, որ նման է փակուղու»:
Ստացվում է` ադրբեջանցի լրագրողի համար փակուղուց դուրս գալու միակ ելքը պատերազմն է:
Ահա թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ հասարակության մեջ հարևան երկրի հանդեպ գործի դրված թշնամանքի ու ատելության քաղաքականությունը, որն արդեն տարիներ շարունակ համառորեն իրականացնում են Ադրբեջանի իշխանությունները: Դրանից, անշուշտ, տուժում է միայն սեփական ժողովուրդը: Եվ իրոք, այսօր Ադրբեջանում ձևավորվել է պատերազմատենչ մի հիվանդ հասարակություն, որի ուղեղում մի համոզմունք է տեղ գտել. իր երկիրը կարող է փակուղուց դուրս գալ միայն այն ժամանակ, երբ վերսկսվի արցախյան պատերազմը:
Այսպիսի հասարակությանը կարելի է միայն խղճալ ու կարեկցել… Իսկ քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն իրենց սին հայտարարություններով սեփական ժողովրդին կշարունակեն ամեն օր սնել ատելության ու թշնամանքի դառը պտուղներով, քանի դեռ երկրի ղեկավարի մակարդակով կշարունակվի պատերազմի քարոզը, Ադրբեջան պետությունը երբեք չի կարող որպես լուրջ պետություն ընկալվել` ոչ Արևմուտքի, ոչ էլ Հյուսիսի կողմից:
Իսկ ինչ վերաբերում է փակուղուց դուրս գալուն, ապա ռազմատենչ երկրի առաջ այդ ելքն այդպես էլ չի նշմարվելու:
Armar.am












