Հայաստանի երկաթուղիները Եվրոպան կմիացնեն Ասիային
Սա ՀԵԿՈւ (Հարավկովկասյան երկաթուղիներ) ընկերության ցանկությունն է, որի մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլինը: Ըստ նրա` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ստրատեգիան ուղղված է լոգիստիկ (փոխադրումների ապահովման) կենտրոնների ստեղծմանը, ինչը կնպաստի հայկական երկաթուղիների` միջազգային ոլորտում հայտնվելուն: Նա լրագրողներին տեղեկացրեց նոր լոգիստիկ կենտրոնի մասին, որը կբացվի Ախուրյանի սահմանապահ կայանի բազայի հիման վրա 70 վագոն թողտվությամբ:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են բանակցել նաև թուրքական կողմի հետ` Կարս-Գյումրի երկաթուղու աշխատանքների վերսկսման մասին. «Ինձ համար` որպես երկաթգծի աշխատակցի, հայ-թուրքական սահմանի բացումը լավագույն հնարավորությունն է Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք դուրս գալու համար»:
Նշենք, որ Կարս-Գյումրի երկաթուղին չի գործում 1993 թվականից, երբ թուրքական կողմը փակեց Հայաստանի հետ սահմանը:
Շայդուլինի խոսքերով, պետք է նաև քննարկել երկու երկրների միջև երկաթգծային հաղորդակցության կարգը:
Հիշեցնենք, որ ՀԵԿՈւ գլխավոր տնօրենը հոկտեմբերի 15-ին` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տասնամյակին նվիրված միջոցառման ժամանակ ճանաչվեց Հայաստանի Տարվա մարդ տնտեսական ոլորտում համագործակցության համար:
ArmAr.am












