Հայկ Քոթանջյան. «Դեռ` 90-ականներին Հեյդար Ալիևը պատրաստակամություն էր հայտնում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստը»
Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրի` հոկտեմբերի 8-11-ը Մոսկվայում տեղի ունեցած տարեկան գիտա-կիրառական համաժողովի ժամանակ ներկայացրած զեկույցում ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը դիտարկումներ է արել ներկայումս սեղանին առկա Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ և նշել, որ դրանք թեև դրական կողմեր ունեն, սակայն կազմված լինելով Ջորջ Բուշի վարչակազմի օրոք, իրենց վրա կրում են նրա որդեգրած քաղաքականության հետքը:
«Այդ մոտեցումը հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքը դնում է կոնտրպրոդուկտիվ` «պատերազմի վերսկսման սպառնալիքները» ձևաչափում: Ըստ էության, դրանով պետք է բացատրել այն, որ ադրբեջանական կողմը որպես «հիմնական փոխզիջում» է ներկայացնում «ռազմական գործողությունները չվերսկսելու պատրաստակամությունը»: Այլ կերպ ասած.«Ղարաբաղյան հակամարտության լուծման այս մոտեցման մեջ, որը հիմնված է «պատերազմի պարադիգմի» վրա, բացակայում է այն մեխանիզմը, որն Ադրբեջանին կստիպի կայուն խաղաղության տանող իրատեսական առաջընթացին միտված համարժեք փոխզիջումներ անել»,- ասել է Հայկ Քոթանջյանն ու ընդգծել, որ այդ մոտեցմամբ կարելի է բացատրել ադրբեջանական կողմի` Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով նախատեսված քվոտաները բազմակի անգամ գերազանցելու մոտեցումն ու երկրի ռազմական ուժերը նոր պատերազմի նախապատրաստելու ուղղությամբ տարվող ինտենսիվ քարոզչությունը:
Հայկ Քոթանջյանն առաջարկել է հասնել փոխադարձ ընդունելի այնպիսի համաձայնության, որտեղ կողմերի համար հաշտության հիմք կդառնա ոչ թե «պատերազմի սպառնալիքը», այլ` համապարփակ խաղաղության հասնելու ձգտումը: Այս առումով նա հիշեցրել է Հեյդար Ալիևի` 90-ականների կեսերին որդեգրած իրատեսական մոտեցումը, ըստ որի, Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնում ճանաչել ԽՍՀՄ օրենսդրության համաձայն և հանրաքվեի միջոցով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստը: «Այդպիսով, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները 15 տարի առաջ հենց «խաղաղության պարադիգմի» հիման վրա էին ընկալում «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու մասին» ԽՍՀՄ օրենքի ու միջազգային իրավունքի նորմերի հիման վրա և օրինական ճանապարհով ինքնորոշված Ղարաբաղի դեմ Նախագահ Մութալիբովի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքներով Արևելյան Անդրկովկասում ձևավորված իրողությունները»,- նշել է Հայկ Քոթանջյանն ու նկատել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս նախապատվությունը տալիս է «խաղաղության պարադիգմին»:
«Նախագահ Բարաք Օբամայի թիմը հեռու է մնում Ջորջ Բուշի վարչակազմի` «կոշտ անվտանգություն»` ռազմական ուժի գործոնի գերակայությամբ ռազմավարությունից: ԱՄՆ նոր վարչակազմի կողմից «խելացի ուժը»` որպես անվտանգության քաղաքականության համակարգաստեղծ և գերիշխող պարամետր դիտարկելը ղարաբաղյան կարգավորման գործընթացի մեթոդաբանական հիմքերը վերանայելու համար նախադրյալներ է ստեղծում: Այս նոր պայմաններում նշանակալից կերպով ԱՄՆ-ի նախկին վարչակազմի կողմից ձևակերպված Մադրիդյան սկզբունքների վերակողմնորոշումը` «պատերազմի պարադիգմից» դեպի «խաղաղության պարադիգմ», կարող է ստիպել հակամարտության բոլոր երեք կողմերին` Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով գնալ համարժեք փոխզիջումների»,- ասել է Հայկ Քոթանջյանը` ընդգծելով, որ հակառակ մոտեցման կողմնակիցները դասեր պետք է քաղած լինեն նախորդ տարի Վրաստանում տեղի ունեցած պատերազմից:
Armar.am












