ՀՀ և ԼՂՀ նախագահները զինծառայողներին հանձնեցին բնակարանների վկայականները
Հոկտեմբերի 21-22-ը երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի ուղղաթիռները վայրէջք կատարեցին Հադրութի շրջանում` Մեխակավանի մերձակայքում: Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Մեխակավանում բարձրաստիճան հյուրերին ընդունեցին կրկնակի ոգևորությամբ. շահագործման էր հանձնվում սպայական և ենթասպայական անձնակազմի համար նախատեսված հերթական բազմահարկ շենքը: Բնակարանների վկայականները զինծառայողներին հանձնեցին երկու երկրների նախագահներն ու պաշտպանության նախարարները:
35 բնակարանանոց շենքի շահագործումն իրականացրել է «Վարարակն» ՓԲԸ-ն` մեկ տարուց պակաս ժամկետում: Շինարարական աշխատանքների համար հատկացվել է 286 միլիոն դրամ:
Հարդարված ու կահավորված այս բնակարաններին շատերն էին անհամբերությամբ սպասել: Ավագ լեյտենանտ Էմին Ղազարյանին այս բարի լուրն հասել էր ծառայության պահին, երբ գտնվում էր մարտական դիրքերում: Բնակարանային նորմալ պայմանների բացակայության պատճառով Էմինը ստիպված էր հեռու ապրել իր ընտանիքից և ուրախ է, որ արդեն կարող է Հայաստանից Արցախ տեղափոխել ծնողներին:
Երկու երկրների Նախագահների և նրանց ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաների այցելության հաջորդ մեկնակետը հանրապետության հարավային մասում տեղակայված զորամասերից մեկն էր. զորամասում շահագործման հանձնվեց տեխսպասարկման և վերանորոգման` ժամանակակից տեխնիկայով հագեցված նոր կետ, որից հետո բարձրաստիճան այցելուները ծանոթացած զորամասի առօրյային, եղան ուսումնական կենտրոնում:
Նույն օրը զորամասի վերանորոգված շտաբի նիստերի դահլիճում հայկական երկու հանրապետությունների ղեկավարների ու պաշտպանության նախարարների մասնակցությամբ ծավալվեց քննարկում բանակաշինության արդի խնդիրների շուրջ, որից հետո բարձրաստիճան պաշտոնյաներն ուղևորվեցին ԼՂՀ մայրաքաղաք` Ստեփանակերտ:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












