Գլխավոր » Լրահոս

Էրդողանը մեջլիսականներին խորհուրդ է տվել հետևել Աթաթուրքի օրինակին

Հոկտեմբեր 22, 2009թ. 12:12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Էրզրումի Աթաթուրքի համալսարանում երեկ ունեցած ելույթում երկար խոսել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: Ավելին, որպեսզի իր խոսքը ներկաների համար հասկանալի և ընդունելի լինի, նա օրինակներ է բերել հենց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից: Նա ասել է. «Մուստաֆա Քեմալը երկար տարիներ բանակի հրամանատար է եղել և տարբեր ռազմաճակատներում թշնամիների հետ պատերազմել, բայց հանրապետության հռչակումից հետո անմիջապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նույն այդ երկրների հետ: Ատելությունը չարտահայտելով` փորձել է, որքան հնարավոր է, արագ վերականգնել այդ կապերը, հասկանալով, որ դա է խաղաղության միակ ճանապարհը»:

Էրդողանը շեշտել է, որ սկսվում է կարևոր մի գործընթաց, և կառավարությանն անհրաժեշտ է քաղաքացիների աջակցությունը: Նա հիշեցրել է, որ արդեն արձանագրությունները մտել են խորհրդարան, և այժմ երկիրը կանգնած է կարևոր հարցի լուծման առջև:

Խորհրդարանում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների շուրջ բավականին բուռն քննարկումներ են ընթացել: Նախ նիստի սկզբում խորհրդարանականները խոսել են ղարաբաղյան խնդրի լուծման ուղիներից և դրանից հետո միայն  անդրադարձել արձանագրություններին:

Քննարկումների ընթացքում տարբեր կարծիքներ են հնչել: Ընդդիմությունը մեղադրել է իշանամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը Ղարաբաղյան հարցը «թաղելու» և Բաքվին դավաճանելու մեջ, ակնարկելով, որ դրանով է պայմանավորված Անկարային ուղղված Բաքվի ագրեսիվ գործողությունները: Հակառակ այդ պնդումներին, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն վստահեցրել է, որ 17 տարի ղարաբաղյան հարցը եղել է Թուրքիայի օրակարգում և այն կշարունակի օրակարգում մնալ, իսկ ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա հիշեցրել է, որ վերջին խոսքը պատկանում է խորհրդարանին:

Նկատենք, որ այսօր թուրք վերլուծաբանները ևս արձանագրությունների վավերացման հարցում խուսափում են գնահատականներ կամ եզրակացություններ հնչեցնել` սպասելով մեջլիսում տեղի ունեցող զարգացումներին:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն