Դավութօղլուն պետք է համարժեք պատասխան տալ
ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում այդ երկրի արտգործնախարարի ելույթին:
«Իսկապես, մեզ համար շատ վիրավորական է, որ հարևան պետության արտգործնախարարը ստորագրում է փաստաթուղթ, որտեղ խոսվում է բարիդրացիական հարաբերությունների ստեղծման մասին և պատրաստվում է սահման բացել, իսկ հաջորդ օրը հարևան երկրին պիտակավորում է և նման որակումներ է կպցնում: Ես կարծում եմ, որ դա հարիր չէ հարևան պետությանը»,-ասաց Վ. Կարապետյանը:
Կարապետյանն այն կարծիքին է, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների քննարկման ժամանակ արտգործնախարար Դավութօղլու «ապակառուցողական» հայտարարություններին հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա:
Նա համոզված է, որ հարևան երկրի պաշտոնյաներին նման կերպ խոսելու հնարավորություն են ընձեռել այդ արձանագրությունները, որոնցում, ըստ բանախոսի, կան խութեր:
«Եթե լինեին նորմալ փաստաթղթեր, նման հայտարարություններ, նման գործելաոճ չէր լինի: Մենք ենք տվել այդ հնարավորությունը Թուրքիային»,-ասաց Վ. Կարապետյանը:
Armar.am












