Հունաստանում վառվելու է 2010 թվականի օլիմպիական կրակը
Այսօր Հունաստանում կվառվի 2010 թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը: Խաղերն անցկացվելու են փետրվարի 12-28-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում: Հին Օլիմպիայում բացման հանդիսավոր արարողությանը ներկան կլինի նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը և Վանկուվերի Օլիմպիական կոմիտեի ղեկավարը:
Ավանդույթի համաձայն, կրակը վառելու են արևի շողերից, հայելու միջոցով` թատերականացված ներկայացման ժամանակ քրմերի մասնակցությամբ: Ներկայացումից հետո քրմերը կփոխանցեն ջահը հույն չեմպիոն 31-ամյա Վասիլիս Դիմիտրադիսին: Էստաֆետը ութ օրվա ընթացքում անցնելու է հունական քաղաքներով և 2180 կիլոմետր անցնելուց հետո` հոկտեմբերի 29-ին, ճանապարհը կավարտի Աթենքի մարզադաշտում, որտեղ 1896 թվականին կայացել են առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը: Այստեղ էլ Օլիմպիական կրակը կհանձնվի Վանկուվերի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին:
Հունաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը նշել է, որ «Օլիմպիական կրակի վառելը խորհրդանիշ է, որը միացնում է անտիկ խաղերը ժամանակակից խաղերի հետ, Օլիմպիան կապելով այն քաղաքի հետ, ուր անցկացվելու են հերթական Օլիմպիական խաղերը»:












