Թուրք-ադրբեջանական հարաբերություններում նման լարվածությունն աննախադեպ է
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունների ստորագրումը երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղվածության լուրջ փոփոխության պատճառ է դարձել:
Պաշտոնական Բաքուն, որը վերջին տարիների ընթացքում իրականացնում էր Հայաստանը տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, կանգնեց փաստի առաջ` հասկանալով, որ այդ քաղաքականությունն ամբողջովին ձախողվել է: Դրա հետ միասին ի չիք են դարձել նաև Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու միջոցով Լեռնային Ղարաբաղը նվաճելու ադրբեջանցիների հույսերը: Սրանք են երկու այն գլխավոր հանգամանքները, որոնց պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում ի հայտ է եկել «դավաճանություն» արտահայտությունը: Իսկ հոկտեմբերի 14-ին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի պետական դրոշները փաստորեն հայտնվեցին թուրքական աղբանոցներում, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Նիհատ Ջիվաներին բողոքի նոտա հանձելու պատճառ դարձավ:
Թուրք–ադրբեջանական հարաբերություններում նման լարվածությունն աննախադեպ է երկու երկրների պատմության ողջ ընթացքում: Ադրբեջանի Հանրապետությունը, թուրքական բանակի կողմից իր ստեղծման առաջին իսկ օրից, միշտ ենթարկվել է Անկարայի բոլոր հրահանգներին: Եվ հիմա, երբ Թուրքիայի քաղաքականությունը հակասում է Ադրբեջանի կենսական շահերին, պաշտոնական Բաքուն, ըստ ամենայնի, որոշել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել և այլևս չանսալ Թուրքիայի հորդորներին: Եվ դեռ ավելին, Ադրբեջանի քաղաքականությունն այլևս ենթադրում է որոշ պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ, ինչը, ադրբեջանցիների կարծիքով, էլ ավելի կընդգծի Թուրքիայի քաղաքական կուրսի նկատմամբ իրենց դժգոհությունը:
Հոկտեմբերի 14-ին, երբ Հայաստանի և Թուրքիայի նախագահները Բուրսայում հաճոյախոսությունների տեղատարափ էին հնչեցնում միմյանց հասցեին, Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունն ադրբեջանական գազը Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ռուսական «Գազպրոմի» հետ: Փաստաթղթի համաձայն, 2010 թվականի սկզբից Ռուսաստան կներմուծվի տարեկան առնվազն 0,5 մլրդ. խորանարդ մետր գազ: Ընդ որում, այդ պայմանագիրը ենթադրում է Ադրբեջանում արտահանվող ցանկացած տիպի գազի վաճառք Ռուսաստանին: Գործնականում դա նշանակում է, որ Գազպրոմը հնարավորություն է ստանում գնել նույնիսկ այն գազը, որը նախատեսված էր արևմտյան գազային ընկերությունների համար: Եվ չնայած 0,5 մլրդ. խորանարդ մետր գազը գործնականում ոչինչ չի փոխում Եվրոպայի կամ նույնիսկ Ադրբեջանի ու Ռուսաստանի համար, այնուամենայնիվ, փորձագետներին անհանգստացնում է այդ պայմանագրի հեռանկարը: Շատերը նույնիսկ խոսում են, որ Ադրբեջանի այդ քայլը վերջնականապես խաչ է քաշում NABUCCO-ի վրա: Նման կարծիք ձևավորվել է նաև այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, թե իր երկիրն այլևս չի կարող գազ վաճառել Եվրոպային, քանի որ Ադրբեջանը չի կարողանում այդ հարցի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել տարանցիկ երկիր հանդիսացող Թուրքիայի հետ:
Սակայն, ըստ ամենայնի, պաշտոնական Բաքուն որոշել է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ ոչ միայն նավթագազային, այլև տրանսպորտային ոլորտում: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մի քանի օր առաջ կրճատել է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շինարարության ֆինանսավորումը` տարեկան 80 միլիոն մանաթից հասցնելով 30 միլիոնի: Ազատված միջոցները հիմնադրամը նախատեսում է ծախսել երկրի ներքին խնդիրները լուծելու համար:
Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի այս քայլերը չե՞ն վկայում այդ երկրի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության մասին, դեռևս դժվար է պատասխանել: Այս պահին ակնհայտ է միայն այն հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն հնարավոր և անհնար միջոցներով ցուցադրում է իր դժգոհությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության կապակցությամբ: Սակայն չի կարելի բացառել նաև այն հանգամանքը, որ ի վնաս Թուրքիայի կատարված Ադրբեջանի ցուցադրական քայլերը պատճառ դառնան այդ երկրի արտաքին կուրսի իրական փոփոխության: Չէ՞ որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող ներկայիս գործընթացը բավական կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, և այդ փաստից հեշտությամբ կարող են օգտվել մեր տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող գերտերությունները:
Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ












