Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Անկախ տնտեսագետները` հայ-թուրքական սահմանի բացման շուրջ

Հոկտեմբեր 22, 2009թ. 17:22

sahmanՓակ և ապահո՞վ, թե՞ բաց և զարգացած

Հայ-թուրքական արձանագրություններն արդեն ստորագրված են, և այսօր հնչող կոչերն այլևս ուղղված են դրանց  վավերացման ու սահմանների բացման դեմ: Իսկ առկա անհանգստությունը հիմնականում պայմանավորված է թուրքական շուկայի` հայկական տնտեսության վրա բացասական ազդեցության վտանգով:

Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք պնդում են, թե սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, դեմ արտահայտվողները  հակադարձում են, թե թուրքական շուկան կկլանի հայկական տնտեսությունը` խնդիրների առաջ կանգնեցնելով հայ արտադրողին, քանի որ Թուրքիան էժան գներով ապրանք ներմուծելու և այն իրացնելու շատ մեծ հնարավորություններ կունենա:

Հակառակ Հայաստանի իշխանությունների այն պնդմանը, թե իրենք կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, ՀՀ նախկին վարչապես Հրանտ Բագրատյանը վերջերս  լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանի կառավարության կողմից ոչ մի լուրջ ուսումնասիրություն չի կատարվել` ի տարբերություն թուրքերի, ովքեր «հինգ մատի պես գիտեն Հայաստանի տնտեսությունը»:

Խնդրի շուրջ փորձեցինք լսել նաև անկախ մասնագետների կարծիքները, որոնք նկատելիորեն հակասական էին:

Այսպես, մարկետոլոգ Տիգրան Պետրոսյանի կարծիքով սահմանները բացելուց հետո բազմաթիվ վտանգներ են ծառանում մեր առջև: Նախ, եթե տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները  չեն կարողանա գալ և բնակություն հաստատել մեր պատմական հայրենիքում, ապա թուրքերն իրենք կգան ու կհաստատվեն Հայաստանում:  Սրան գումարվում են նաև տնտեսական վտանգները. «Հայ արտադրողի համար հումք ներմուծելիս մաքսազերծման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Արտադրանքի որակը նույնն է մնում, իսկ գինը, կապված հումքի գնի և ներկրման ծախսերի հետ, բարձրանում է: Այսպիսով` հայ արտադրողը չի կարողանա էժան գներով ապրանք արտադրել ու վաճառել: Իսկ պետության կողմից աջակցություն չի լինի` որպես փոխհատուցում էժան գներով վաճառելու համար:

Այդ ամենին հակառակ` Թուրքիան ամեն կերպ աջակցելու է իր արտադրողին և արտահանողին: Այսպիսով` թուրքական կողմը հնարավորություն կստանա էժան ապրանքներ արտադրելու և ներմուծելու: Իսկ մարդիկ, բնականաբար, կընտրեն էժանագինը, ինչից էլ կտուժի միմիայն հայ արտադրողը»:

Սահմանի բացման տնտեսական հետևանքների մասին  առավել խորքային ուսումնասիրություն ներկայացրեց    Դաշնակցությունը,  հայտարարելով, թե սահմանի բացումից հետո ներկրման ճանապարհը կրճատվելու է ընդամենը 400 կիլոմետրով: Բացի դրանից, փոխադրումները կատարվելու են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, որը փոխադրումների համար ամենաթանկ ճանապարհն է: Արդյունքում` գներն առանձնապես չեն նվազելու:

Տնտեսական գիտությունների թեկնածու Հաբեթ Մադոյանը շատ ավելի կարևորում է ոչ թե գների նվազումը, այլ այլընտրանքի հնարավորությունը. «Այսօր մենք չենք կարողանում Վրաստանի հետ ազատորեն կառուցել մեր  հարաբերությունները, որովհետև կաշկանդված ենք նրանով, որ այդ երկրով է անցնում մեր առևտուր անելու  միակ ճանապարհը: Իսկ Թուրքիան այլընտրանքի հնարավորություն կընձեռի: Բացի դրանից, թուրքական ապրանքները մրցակցային դաշտ կստեղծեն մեզ մոտ, իսկ մրցակցությունը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա»:

Տնտեսագետը միաժամանակ  չի բացառում վտանգների առկայությունը. «Եթե թուրքական գյուղատնտեսական արտադրանքն ավելի շատ սպառվի այստեղ, քան տեղականը, ապա մենք ռիսկի ենք դիմում, քանի որ կորցնում ենք միջնորդի ինստիտուտը. այն մարդիկ, ովքեր գյուղացուց գնում են ապրանքն ու այն թանկ գներով վերավաճառում տեղի սպառողին, կտուժեն»:

Եվս մեկ տարածված կարծիք, թե  թուրքական գյուղատնտեսական ապրանքներն էժան գներով կողողեն հայկական շուկա և կճնշեն տեղի արտադրողին:  Այս հարցում Հաբեթ Մադոյանը հետևյալ   կարծիքին է . «Եթե գյուղատնտեսական ապրանքները Թուրքիայից գալու- հասնելու են  Հայաստան և վաճառվելու են  ավելի էժան, քան տեղի արտադրանքը, ուրեմն, մեր տնտեսության մեջ ինչ-որ բան ճիշտ չի գործում. կամ գյուղացին արդյունավետ չի աշխատում, կամ էլ պետությունը չի կարողանում արդյունավետ աշխատանք ապահովել: Միաժամանակ, եթե  թուրքական` առավել որակյալ ապրանքը պետք է  հասնի Հայաստան և ավելի էժան գնով վաճառվի, քան տեղի արտադրանքը, ուրեմն հայ արտադրողը   անհանգստանալու լուրջ խնդիր ունի, նա պետք է մտածի իր արտադրանքի որակի մասին, վերապատրաստի իր մասնագետներին, իր արտադրությունը վերազինի  նոր և որակյալ տեխնիկայով»:

Ստեղծված իրավիճակը տնտեսագետը գնահատում է որպես մեզ ուղղված մարտահրավեր, որը կա’մ պիտի ընդունենք ու հաղթահարենք, կա’մ տանուլ տանք. «Եթե փակվենք մեր երկրում ու ոչ ոքի ներս չթողնենք, չենք կարող դառնալ զարգացած տնտեսություն ունեցող երկիր: Միայն արտաքին աշխարհի առաջ բացվելով` կարող ենք դառնալ մրցունակ երկիր»:

Վտանգ կա նաև, որ թուրք գործարարների ներդրումներից հետո թուրքական էժան աշխատուժի ներհոսք կլինի Հայաստան: Հաբեթ Մադոյանն այս հարցում դարձյալ կարևորեց պետության դերակատարումը, որը պետք է միջոցներ գտնի (գուցե օրենսդրական փոփոխություններ կատարի, խիստ սահմանափակումներ մտցնի)` կանխելու այդ ներհոսքը. «Ամեն դեպքում, պետությունը պետք է ի զորու լինի դիմագրավելու  այդ մարտահրավերին. սա է ճիշտ ուղին, և ոչ թե ամեն ինչից հրաժարվելն ու ինքներս մեր մեջ փակվելը»:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն