Գլխավոր » Լրահոս

Դավութօղլու ելույթը փաստում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը օրակարգային է Թուրքիայի համար

Հոկտեմբեր 23, 2009թ. 13:30

Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի ԱԳ նախարար Դավութողլուն ելույթ ունենալով թուրքական մեջլիսականների առաջ` ասել է. «Մենք, որպես Կովկասի ճակատագիրը պատմականորեն կանխորոշող ժողովուրդ, չենք կարող անտարբեր լինել տարածաշրջանում տիրող ստատուս-քվոյի նկատմամբ»: Հայտարարելով, թե ներկայիս  ստոտուս-քվոն  ամենևին չի բխում եղբայրական Ադրբեջանի շահերից: «Առկա ստատուս-քվոյի պայմաններում եղբայրական Ադրբեջանի տարածքները 17 տարի շարունակ օկուպացված են մնում»:

Ըստ Դավութօղլու, ստատուս-քվոն չի համապատասխանում նաև Թուրքիայի շահերին, վերջինս հարց է հնչեցրել. «Մեր օգտի՞ն է ստատուս քվոն, իհարկե` ոչ’, մենք լինելով տարածաշրջանի հզորագույն երկիրը, տարածաշրջանում տիրող անորոշության պայմաններում չենք կարողանում օգտագործել մեր ազդեցությունը այն չափով, ինչ չափով որ անհրաժեշտ է: Մեզ ճնշում են նաև եղբայրական Ադրբեջանի հետ կապված դժվարությունները: Դրանք դառնում  են ներքաղաքական օրակարգի խնդիր: Ի՞նչ ենք արել: Պետք է ջանալ խաղաղ ճանապարհով փոխել ստատուս- քվոն»:

ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է   արձանագրությունների նախաբանում առկա այն մտքի վրա, որ   տարածաշրջանային ու ազգամիջյան  տարաձայնություններն ու հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա` խաղաղ ճանապարհով: Ապա հավելել, թե արձանագրությունների  դրույթները կօգնեն, որ  խնդրի լուծումը  գտնվի հենց

տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռմխելիության սկզբունքներում: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան սուրբ է, որքան մեր երկրինը», ապա ընդգծել է.«Այդ ուղղությամբ առավել մեծ ջանքեր գործադրող երկիր չկա, քան Թուրքիան է»: Նա վստահեցրել է, որ  Ղարաբաղյան հիմնահարցը եղել է նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր`  հակամարտությանն առնչվող բոլոր հանդիպումների առանցքում:

Դավութօղլուն նաև հայտարարեց, թե նախքան արձանագրությունների ստորագրումը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ իր ունեցած հանդիպման գլխավոր թեման նույնպես Ղարաբաղն է եղել:

Շարունակելով Ղարաբաղյան թեման Դավութօղլուն ասել է. «Անցյալ ամիս, վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ, Լաչինի միջանցք գործուղղվեց զինվորականների պատվիրակություն, քննարկելու այն հարցը, թե կարգավորման դեպքում որքա՞ն է լինելու միջանցքի լայնությունը և դա ո՞ր միջազգային ուժի վերահսկողության տակ է գտնվելու: Այս ամենով կարո՞ղ ենք հարց տալ ինքներս մեզ` մո՞տ ենք կարգավորմանը… Դեռ քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան: Հնարավոր չէ մեկ հարվածով փոխել բնակավայարերի ստատուս-քվոն: Դրա համար խաղաղությունը պետք է դանդաղ ու համբերատար քայլերով հյուսել»:

Այսքանից հետո, մեզ մնում է ասել հետևյալը. բոլոր նրանց, ովքեր շարունակում են   պնդել, թե արձանագրություններում խոսք չկա ղարաբաղյան հիմնախնդրի մասին,  որ Թուրքիան չի կարող այն` որպես նախապայման օգտագործել հայ-թուրքական արձանագրություններում, խորհուրդ կտանք  առավել քան ուշադիր ընթերցել Դովութօղլու` Մեջլիսում ներկայացրած ելույթը:

Հայ-թուրքական արձանագրությունների մասին Թուրքիայի Մեջլիսում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հնչեցրած ելույթի ամբողջական տեքստը:

armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն