Արմեն Հարությունյան. «ԶԼՄ-ների թվայնացումը կարող է տանել դեպի մոնոպոլիզացիա»
«Մենաշնորհային տնտեսությունը մեր երկիրը տարել է և տանելու է փակուղի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանում այսօր ամբողջ տնտեսությունն է մենաշնորհային, սակայն ինքն անհանգստացած է երկու առիթով: Նախ` երեկ Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել ԶԼՄ-ների թվայնացման հարցով: Մարդու իրավունքների պաշտպանը փոքր-ինչ կասկածանքով է վերաբերվում այս խնդրին, քանի որ, ըստ նրա, այս բնագավառում դեռևս չի եղել մի փոփոխություն, որը ԶԼՄ-ների համար բազմակարծության նորմալ դաշտ ապահովեր: Նրան մտահոգում է, որ սա էլ է մոնոպոլիզացիայի տանելու:
Արմեն Հարությունյանի մտահոգության երկրորդ առիթը դեղերի շուկայում առկա իրավիճակն է, որը շփոթության մեջ է գցում հասարակությանը: Պարզ չէ, թե վաճառքում գտնվող դեղերից որն է պիտանի օգտագործման համար, իսկ բազմաթիվ բողոքների վրա հիմնված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս բնագավառն էլ է մենաշնորհային:
Ա.Հարությունյանը նշեց, որ չնայած ՀՀ-ում առկա է մենաշնորհային ինստիտուտը, բայց դրա գործունեությունն արդյունավետ չէ և մեծ մասամբ կրում է ձևական բնույթ, հետևաբար սպառողների իրավունքները պաշտպանված և երաշխավորված չեն կարող լինել: Իսկ դա ՀՀ Սահմանադրության 3-րդ և 31.1 հոդվածների խախտում է: Ուստի, դրանք ձևականից իրականի վերածելու համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ, ինչը կնպաստի արժանապատիվ, ազատամիտ, ինքնաբավ քաղաքացու ձևավորմանը:
«Հակառակ դեպքում` չենք կարող հաղթահարել մեր առջև դրված և ոչ մի մարտահրավեր»,- խոսքը եզրափակելով`ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Կարինե Պետրոսյան












