Արձանագրությունների վավերացման դեպքում ՀՅԴ-ն կպահանջի նախագահի, վարչապետի և ԱԺ խոսնակի հրաժարականը
Դեռ ապրիլ ամսին, երբ դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ անհրաժեշտություն կա ներկայացնել հանրությանը պլատֆորմ, որի վրա Դաշնակցությունը հենվելու է իր հետագա գործունեության ժամանակ:
Դրանից հետո տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր ներկայացրին իրենց պլատֆորմները` դրանք կոչելով ընդդիմադիր ուժերի համագործակցության ծրագրեր:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Դաշնակցության պլատֆորմը համարեց առավել լուրջ և հասարակությանն առավել ընկալելի:
Ըստ Ռուստամյանի` իրենց պլատֆորմում կուսակցության մոտեցումներն են, որոնք Դաշնակցությունը ուներ թե իշխանությանը մաս կազմելու ժամանակ, թե հիմա, և չնայած որ իշխանությանը մաս կազմելու ժամանակ խոսել են այդ խնդիրների մասին, սակայն մեծամասամբ հնարավոր չի եղել դրանք իրականացնել: Այժմ դառնալով, իր խոսքերով, լիարժեք այլընտրանք` կարող են իրականացնել` իշխանության գալուց հետո:
Դաշնակցությունը, փաստորեն, սրանով ցանկանում է ցույց տալ, որ ընդդիմություն է ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերում` պլատֆորմում ներկայացնելով նաև ներքին սոցիալական խնդիրներ և դրանց լուծման ուղիները:
ՀՅԴ-ն նաև կարծում է, որ այս պլատֆորմը թույլ կտա հարաբերություններ կառուցել այլ կուսակցությունների հետ` ունենալով գաղափարական հիմք: Իհարկե, Դաշնակցությունը պատրաստվում է այլ ուժերի հետ համագործակցել միայն Ազգային հարցերում: «Մենք չենք կարող ընկերվարական հարցերով համագործակցել այն ուժի հետ, որը մերժում է սոցիալական հավասարությունը»,- նշեց Ա. Ռուստամյանը:
ՀՅԴ պլատֆորմը հանգամանորեն ներկայացնելով` Ա. Ռուստամյանը նշեց, որ նրանում ներառված է երեք հիմնական ուղղություն` ազգային, սոցիալական և ժողովրդավարական հիմնախնդիրներ:
Ազգային հիմնախնդիրներում մատնանշվում են Արցախյան հիմնախնդիրը, Հայ-թուրքական հարաբերությունները, Ջավախքը, Սփյուռքը, Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ընդհանուր չափորոշիչներն ու պահանջները և դրանց լուծման ՀՅԴ մատնանշած ուղիները:
Հաջորդ բաժիններում Դաշնակցությունը կարևորում է համակարգային և սահմանադրա-օրենսդրական բարեփոխումները, ժողովրդավարացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, ընտրական նոր համակարգի ձևավորումը, ընդդիմության գործուն դերակատարումը:
ՀՅԴ-ն կարևորում է ԱԺ-ում իրականացվելիք բարեփոխումները և որպես բարեփոխում` մատնանշում պատգամավորների թվի կրճատումը, անձեռնմխելիության սահմանափակումը և մանդատի վաղաժամ դադարեցումը:
Ըստ Ա. Ռուստամյանի, մեր երկրում այնպես է ստացվել, որ փող ունեցողն ունի նաև իշխանություն: Այս և մնացյալ, իրենց բնորոշմամբ` անարդարությունները բացառելու համար Դաշնակցությունն առաջարկում է ընդդիմությանը տալ լիարժեք հնարավորություն` հանձնելով նրան իշխանության վերահսկման մեխանիզմները` վերահսկիչ պալատի ղեկավարումը, հակամենաշնորհային պայքարը վերահսկող մարմինը:
Կարևորելով ընտրական բարեփոխումները` Ա. Ռուստամյանը նշեց, որ պետք է ԿԸՀ-ին փոխարինի նոր, անկախ մարմին, որովհետև ԿԸՀ-ն, ըստ ՀՅԴ գործչի, իրականում չի համապատասխանում իր իրավասություններին, իսկ ԿԸՀ նախագահին ընտրի երկրի պառլամենտը: «ԿԸՀ-ում կոլեկտիվ անպատասխանատվություն է»,- հայտարարեց նա` հավելելով, որ ընտրությունների մասնակցությունն էլ պետք է լինի պարտադիր:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ա. Ռուստամյանի ասած` առաջիկա ընտրություններին նախապատրաստումը չի՞ նշանակում, որ Դաշնակցությունը չի պահանջելու նախագահի հրաժարական, այլ սպասելու է ընտրություններին, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Առաջիկա ընտրություն ասածը չի ենթադրում հերթական ընտրություն»:
ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ արձանագրությունների վավերացման դեպքում Դաշնակցությունը պահանջելու է թե նախագահի, թե կառավարության, թե ԱԺ հրաժարականը:
ՀՀ ԱԺ-ն կվավերացնի՞ արձանագրությունները, թե ոչ, Ա. Ռուստամյանը դժվարանում է ասել, սակայն որ Թուրքիայի Մեջլիսը կվավերացնի, Ա. Ռուստամյանը կասկած չունի, քանի որ, ըստ նրա, Թուրքիան չվավերացնելու պատճառ չունի, ընդհակառակը` «Նա իր հարցերը լուծել է և այժմ զբաղվում է Ադրբեջանի խնդիրների լուծմամբ»:
Դաշնակցությունը մտել է մի փուլ, որը, ըստ Ա. Ռուստամյանի, կարող է վերածվել իշխանափոխության համար պայքարի և այժմ իր պլատֆորմով գնում է իշխանափոխության հասունացման ճանապարհով:
Armar.am












