Ցեղասպանության ճանաչման նոր բանաձևը` Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու միջոց
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նաև անդրադարձել է հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզի եւ հանրապետական Ջոն Էնսայնի կողմից ներկայացված Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի նոր նախագծին: Նշենք, որ այն համարյա նույնությամբ կրկնում է տարվա սկզբում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված 252-րդ բանաձևը:
Կիրո Մանոյանը սենատորների այդ քայլը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դա բողոքի արտահայտություն է պատմական հարթության հարցեր քննարկող հանձնաժողովի կազմավորման դեմ և Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու միջոց, որպեսզի վերջինս տարանջատի հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության ճանաչման գործընթացից: Այն բանից հետո, երբ նախագահ Օբաման, խուսափելով հայ-թուրքական հարաբերություններին խոչընդոտելուց, չարտասանեց Ցեղասպանություն բառը, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կապվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»:
Այստեղ ՀՅԴ ներկայացուցիչը տեսնում է նաև Հայաստանի դիվանագիտության ակտիվ դերակատարումը. «Պետք է հայկական դիվանագիտությունն այնպես աշխատի, որպեսզի այդ երկու հարցերը անջատվեն միմյանցից, քանի որ արձանագրությունների ստորագրումից հետո շատերը դա այնպես ընկալեցին, թե Հայաստանը կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստը: Վտանգ կա, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացով զբաղվող պետությունները կարող են մի կողմ քաշվել` պատճառաբանելով, թե Հայաստանն ու Թուրքիան արդեն բանակցում են, և հարկավոր չէ խոչընդոտել նրանց:
Մինչ օրս Ցեղասպանության ճանաչումը լծակ էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, իսկ արձանագրություններով մենք այն սակարկության առարկա դարձրեցինք: Եվ այսօր Թուրքիան փորձում է այդ հարցը հաղթահարել հարաբերությունների հաստատման միջոցով»:
Կիրո Մանոյանը կապ չի տեսնում բանաձևի նոր նախագծի և Թուրքիայի ԱԳ նախարար Դովութօղլուի վերջին ելույթի միջև. «Այն կարող էր լինել դրա պատճառների միայն մի փոքր շյուղը, իսկ ավելի ճիշտ` արձանագրությունների ստորագրման հետևանք է»:
Այն կարծիքը, թե այս նոր բանաձևը կարող է և ճնշում լինել Թուրքիայի վրա` սաստելու համար նախապայմանների առաջադրումը, Կիրո Մանոյանը մեկնաբանեց որպես «լավագույն դեպքում պարզամիտ մեկնաբանություն, վատագույն դեպքում` չարամիտ»:
ArmAr.am












