Գլխավոր » Լրահոս

Թուրքերն այսօր էլ սկսել են գործել «բարիդրացիականության» լոզունգի տակ

Հոկտեմբեր 23, 2009թ. 17:45

Դավութօղլուի խոսքերից պարզ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագիրը զուտ թուրքական ծրագիր է: Նա իր ելույթում մի քանի անգամ շեշտել է այդ մասին. «Մենք մի քանի տարի առաջ  Կովկասում շրջանառության մեջ դրեցինք  այս գործընթացը»: Ապա հավելել է, որ Թուրքիայի կողմից նման գործընթացի շրջանառումը երեք նպատակ է հետապնդում. նախ հասնել նրան, որ, իր խոսքերով, «կողք կողքի գոյատևող Թուրքիան ու Հայաստանը,  այսինքն` հարևան երկու ազգային պետությունները,  կարողանան  բարիդրացիական  հարաբերություններ հաստատել»:

Ակնհայտ է, որ Թուրքիան սկսել է խաղալ    դեռ դարասկզբին մշակած իր  դիվանագիտական հայտնի խաղերը: Բոլորս ենք հիշում  երիտթուրքերի հայտնի կարգախոսը` «Հավասարության, եղբայրության, ազատություն»: Հայտնի են նաև այդ կեղծ քարոզի ողբերգական  հետևանքները`հայ ժողովրդի բնաջնջում իր իսկ հայրենիքում: Ուշադրություն դարձրեք, որ այդ  լոզունգն այսօր ճկունորեն փոփոխվել, արդիականացվել և աշխարհին մատուցվում է  «բարիդրացիականության» ու «տարածաշրջանային խաղաղության» քողի տակ:

Իր հեռահար նպատակների իրականացման համար Թուրքիան ոչնչի առաջ չի կանգնելու. և ահա, իր ելույթում Դավութօղլուն ներկայացնում է Թուրքիայի կողմից կարևորվող  մյուս նպատակը` «առողջ կապեր հաստատել  Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայ համայնքների հետ, որպեսզի հնարավոր լինի  ամոքել անցյալի վշտերն ու չեզոքացնել շահարկման հնարավորությունները»: Ի՞նչ վշտի մասին է ակնարկում  Թուրքիայի ԱԳ նախարարը. խոսքն ակնհայտորեն Հայոց Ցեղասպանության մասին է: Սակայն հարց է առաջանում, թե դարասկզբի թուրք ոճրագործների մերօրյա ժառանգներն ինչպե՞ս  են պատրաստվում  «ամոքել անցյալի վշտերը»:   Նախարարի  ելույթում  թափանցիկ տրված է «ինչպես» հարցի պատասխանը. այն է` բոլոր հնարավոր միջոցներով հասնել  ցեղասպանության ճանաչման գործընթացի «չեզոքացմանը»: Ցինիկաբար ակնարկում է, թե այն  շահարկում է  հայկական կողմը, ուրեմն` հարկ է կանխել  այդ շահարկումը:  Այս ֆոնի վրա առանձնապես ուշադրության է արժանի ելույթում սպրդած  այն  միտքը, թե «որպեսզի հնարավոր լինի  ամոքել անցյալի վշտերն ու չեզոքացնել շահարկման հնարավորությունները», պետք է  Ֆրանսիայում, ԱՄՆ-ում  կողք կողքի ապրող թուրքերի ու հայերի միջև առողջ կապեր հաստատել: Թուրքերը փաստորեն որոշել են «բարիդրացիականության» քարոզ կարդալ  սփյուռքահայերի շրջանում, և դարասկզբից իրենց կոկորդում մնացած «ոսկորից»  ազատվել հենց    ցեղասպանության ժառանգների` հայկական Սփյուռքի «միջոցով»: Նկատենք, որ սա թուրքերի վաղեմի  ծրագիրն է, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործի է դրվել ու շարունակում է իրականացվել…

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն