Դավութօղլու. «Եթե հարկ լինի` 72 միլիոն թուրք պատրաստ են ադրբեջանական դրոշի համար իրենց կյանքը տալ»
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների 21-րդ նիստին մասնակցելու նպատակով Բաքվում է գտնվում` ադրբեջանցի գործընկերոջ հետ այցելել է «Նահատակների ծառուղի», որտեղ թաղված են նաեւ թուրք զինվորներ։
Թուրքական CNNturk կայքէջի հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում հայտարարել է, որ Բուրսայում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ անկախ ՖԻՖԱ-յի արգելքի` մարզադաշտում եղել են Ադրբեջանի դրոշներ:
Ահմեդ Դավութօղլուն անդրադառնալով Ադրբեջանի մի շարք վայրերից Թուրքիայի դրոշի հանելու փաստին` ասել է, որ Ադրբեջանի դրոշը Թուրքիայում որպես օտարի դրոշ չի ընկալվում, հակառակ դեպքում Թուրքիայում առկա օրենքի համաձայն այն նշանակալի վայրերից կհանվեր: Ապա հավելել, որ եթե հարկ լինի` 72 միլիոն թուրք պատրաստ են ադրբեջանական դրոշի համար իրենց կյանքը տալ և իրենք չեն ցանկանում, որ Ադրբեջանում թուրքական դրոշները ընկալվեն որպես օտար երկրի դրոշներ։
ArmAr.am












