Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը փորձում է շտկել Բաքվի և Անկարայի միջև ծագած լարվածությունը
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Գաշիմովը թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ինչպես հայ-թուրքական արձանագրություններին, այնպես էլ Ադրբեջանում թուրքական դրոշի հետ ծագած խնդրին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը չի վնասի Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է վերջին օրերին ծագած թուրք-ադրբեջանական լարվածությանը, նա ասել է. «Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ և երկու պետություն են: Պատկերացրեք, որ ձեր տանը եղբայր ունեք: Ի՞նչ է, նրա հետ երբեք չե՞ք վիճում: Նման խնդիրներ միշտ էլ ծագում են եղբայրների միջև, սակայն դրանք հնարավոր է հաղթահարել շնորհիվ խելամտության, ընկերության, եղբայրության և իրար միջև գոյություն ունեցող կապվածության»: Նա հույս է հայտնել, որ ոչ ոք չի կարող սեպ խրել երկու երկրների միջև:
Ըստ թուրք վերլուծաբանների, կարծես թե հարթվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ծագած լարվածությունը: Ավելին, թուրքական կողմը հույս ունի, որ փոքր եղբայրը ոչ թե զգացմունքներով, այլ խելքով կգործի:
Armar.am
Թեգեր` Թուրքիա, Ադրբեջան












