Թուրքիան կարող է հայտնվել Ադրբեջանի թշնամիների ցուցակում
«Բաքուն փորձում էր մարսել Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները»,-այս միտքն են արձանագրում գրեթե բոլոր թուրք վերլուծաբանները` պարզաբանելով Ադրբեջանի` Թուրքիայի նկատմամբ դրսևորած հիստերիկ պահվածքը:
Այս առումով թուրքական լրատվամիջոցները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Բաքու կարծես թե դրական արդյունքներ է տվել: «Ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները այլևս վիրավորանքներ չեն պարունակում, ավելին, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ նախկին հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:
Այսպես. նախ թուրքական TRT-ին հատուկ հարցազրույց է տվել Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Գաշիմովը` վստահեցնելով, որ երկու երկրների միջև հակամարտությունն արդեն իսկ հարթվել է: Իսկ ավելի ուշ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռաբիա Ասլանովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս անդրադարձել է այս խնդրին ու խորհուրդ տվել` Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները չդիտել Թուրքիայի կողմից իրականացված թշնամական արարք: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ այս փաստաթղթերը ստորագրելիս պաշտոնական Անկարան հաշվի է առել նաև Բաքվի շահերը:
Թվում է, թե Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակին, մինչդեռ հնչող հայտարարություններն առանձնապես վստահություն չեն ներշնչում:
Ադրբեջանն այսօր իրականում կանգնած է երկվության առաջ և փորձում է ի վերջո կողմնորոշվել` ով է իր բարեկամը, և ով` թշնամին: Թուրք պաշտոնյաները մի կողմից խոսում են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի մասին, մյուս կողմից էլ իրենց գործերով հակառակն են ապացուցում, ինչն էլ չի կարող չանհանգստացնել փոքր եղբորը, քանզի սա այլ բան չէ, քան նահանջ`թյուրքական գաղափարախոսությունից:
Ի դեպ, վերամշակման փուլում է գտնվում Ադրբեջանի «Ռազմական դոկտրինայի» նախագիծը, որի քննարկումը խորհրդարանում անժամկետ հետաձգվել է: Փաստաթղթի ներկայիս տարբերակում Թուրքիան ներկայացված է որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, իսկ Հայաստանը` թշնամի: Եվ ահա, Հայաստանի և Թուրքիայի միջև «գործնական մերձեցման» ներկայիս փուլում բարեկամի ու թշնամու «ընտրության» հարցում Բաքուն հայտնվել է անելանելի իրավիճակում. գուցե և ստիպված լինի փաստաթղթում փոփոխություննե՞ր մտցնել, մեկ էլ տեսար Թուրքիան հայտնվեց թշնամու կարգավիճակում:
Armar.am












