Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Բաքվում բարձրացնում են Վրաստանի ադրբեջանցիների խնդիրները

Օգոստոս 22, 2009թ. 10:50

Վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքում առավել հաճախ են քննարկվում Վրաստանի Քվեմո-Քարթլի տարածաշրջանում բնակվող ադրբեջանցիների խնդիրները: Ելնելով Վրաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների «պահանջներից»` իր հայրենակիցներին վերաբերող հարցերը ադրբեջանական կողմը բարձրացնում է   հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների մակարդակով: Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի բնակչությունը զրկված է անգամ Եվրատեսիլի մրցույթում իր նախընտրած երգի օգտին քվեարկելու իրավունքից, ապա պարզ կդառնա, թե որտեղից է փչում քամին, և ո՞ւմ մտահոգություններն են արտահայտում վերոնշյալ կազմակերպությունների ղեկավարները:

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, օգոստոսի 20-ին Բաքվի Մեդիա կենտրոնում Քվեմո-Քարտլիի ադրբեջանցիների խնդիրների շուրջ մամլո ասուլիս էին հրավիրել «Հեյարաթ» («Պատիվ») շարժման ակտիվիստները: Ավելի վաղ` հունիսի 24-ին, Բաքվում նույն թեմայի շուրջ կազմակերպվել էր «Կլոր սեղան», որը կրում էր` «Բորչալուի տեղն ու պատմական դերը» խորագիրը: Դատելով այս երկու միջոցառումներում հնչեցված ելույթների բովանդակությունից` ադրբեջանական կողմն առայժմ պատրաստվում է բարձրաձայնել վրացաբնակ ադրբեջանցիների կրթության, գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման մասին խնդիրներ: Ընդհանուր առմամբ, դժգոհելով Վրաստանում բնակվող ադրբեջանցիների քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակից` բանախոսներն եկել են այն եզրակացության, թե իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանն այդ շրջաններում վարի ակտիվ քաղաքականություն: Նրանք պաշտոնական Բաքվից պահանջել են վերանայել հարևան երկրում բնակվող իրենց հայրենակիցների նկատմամբ իրականացվող միգրացիոն քաղաքականությունը և գումարներ ներդնել` ի նպաստ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանների զարգացման:

Նշենք, որ  Ադրբեջանի ղեկավարությունը բավականին լուրջ ջանքեր է գործադրում Վրաստանն իր ազդեցության տակ ներքաշելու նպատակով: Օգտագործելով նավթի և գազի հարուստ պաշարները, Թուրքիայի քաղաքական և տնտեսական օժանդակությունը, ինչպես նաև տարանցիկ երկիր լինելու` Վրաստանի իշխանությունների մոլի ցանկությունը, պաշտոնական Բաքուն  կարողացել է «կապել» իր փառամոլ հարևանին մի շարք տնտեսական նախագծերով, որոնք արդեն իսկ վերածվել են Թբիլիսիի վրա ազդեցության լուրջ գործոնի:

Սակայն Բաքվում ամենևին էլ չեն պատրաստվում սահմանափակվել հարևանների նկատմամբ միայն տնտեսական ճնշմամբ: Այսօր Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Վրաստանի հարավային շրջանները յուրացնելուն: Այդկերպ ադրբեջանցիները ձգտում են ստեղծել էթնիկ թուրքերով բնակեցված կամուրջ` իրենց և Թուրքիայի միջև: Այս խնդիրն արդյունավետ լուծելու համար  ադրբեջանական դիվանագիտությունը թուրքական գործոնն ուժեղացնելու  քրտնաջան աշխատանք է տանում Վրաստանում:

Ընդհանրապես, պետք է նշել, որ Ադրբեջանի հասարակությունը  մեծ հույսեր է կապում Վրաստանի իր հայրենակիցների հետ: Այսօր Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, որ ցանկության դեպքում Քվեմո-Քարտլիի ադրբեջանցիները հանգիստ կարող են Վրաստանից անկախություն պահանջել և միանալ Ադրբեջանին: Նման վստահության համար հիմք է հանդիսանում` ինչպես Վրաստանի  տնտեսական խոր ճգնաժամը, այնպես էլ տեղի ադրբեջանցիների թվային զգալի առավելությունը:

Հայտնի է, որ ադրբեջանա-արցախյան պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո, ադրբեջանցիների շրջանում  առաջացել են ռևանշիստական տրամադրություններ: Ադրբեջանական մի շարք հետազոտական կենտրոններում կատարված ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները եկել են այն համոզման, որ  Ադրբեջանի «ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «մի փոքր հաղթական պատերազմ»:

Ադրբեջանցիների` հայ ժողովրդի հանդեպ տածած «անասնական երկյուղը» այդ երկրի էլիտային հեռու է պահում Արցախի կամ Հայաստանի դեմ պատերազմելու ցանկությունից: Ուստի ադրբեջանցիների ուշադրությունն այսօր կենտրոնացել է Վրաստանի վրա: Սակայն ներկա փուլում ադրբեջանցիները դեռ խուսափում են Վրաստանի հետ ռազմական մեթոդներով հարցեր լուծելուց, քանի որ հույս ունեն, որ պայքարի «քաղաքակիրթ» մեթոդներն իրենց դեռ չեն սպառել:

Ուստի ադրբեջանցիները վստահ են, որ այս պահին դեռևս անհրաժեշտ է ավելի ուժեղացնել Վրաստանում բնակվող իրենց հայրենակիցների դիրքերը, և այս նպատակով  կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ:

armarlur.com


Թեգեր`

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`