Թուրքիան պատրաստվում է Ռասմուսենի այցին
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընտրված Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաշվի չառնելով թուրքերի` իր նկատմամբ ունեցած «հակակրանքը», պատրաստվում է այցելել Թուրքիա: Իսկ թուրքերի հակակրանքին նա արժանացավ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հայտնի պատմությունից հետո:
Այդուհանդերձ նա դեռևս այս տարվա ապրիլի 6-ին մասնակցել էր Ստամբուլում կազմակերպված «Քաղաքակրթությունների ալյանս» ֆորումին, որի նախօրեին մահմեդական աշխարհին դրական ուղերձներ էր հղել:
Պարբերականը հայտնել է նաև, որ Ռասմուսենը օգոստոսի 27-28-ը ժամանելու է Թուրքիա և այս այցի շրջանակներում հանդիպելու է նախագահ Աբդուլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղին և պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլին:












