Չինաստանն ու ԱՄՆ-ը մերձենում են
Այսօր կավարտվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Երեկ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոյի հետ, որի ընթացքում, լրատվամիջոցների փոխանցմամբ` «համաձայնություն է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»:
Կողմերը մասնավորապես պայմանավորվել են շարունակել համագործակցությունը մակրոտնտեսական ոլորտում` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հնարավորինս արագ հաղթահարելու համար: Բացի այդ, երկու երկրների նախագահները համաձայնվել են առևտրային վեճերը լուծել իրավահավասարության հիմունքով:
Քննարկելով տարածաշրջանային քաղաքականության խնդիրները` երկու երկրների առաջնորդները հանդես են եկել Կորեական թերակղզու միջուկային խնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման օգտին, ինչպես նաև կոչ են արել Իրանի ղեկավարությանն ապացուցել, որ իրենց միջուկային ծրագիրը ծառայում է միայն խաղաղ նպատակների:
Նշված խնդիրների շուրջ Չինաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը կշարունակվի 2010 թվականին, երբ Հու Ցզինտաոն պատասխան այցով մեկնի Միացյալ Նահանգներ:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ, Բարաք Օբամա, Հու Ցզինտաո, Չինաստան












