Թուրքիայի միակ հայկական գյուղի պատմությունը
1915 թվականի հուլիսին, Մուսա լեռան շուրջ տեղակայված վեց գյուղերի` Քեբուսիեի, Վագըֆի, Խադրբեկի, Յողունօղլուկի, Հաջ Հաբիբլիի և Բիթիասի 4500 բնակիչներ բարձրացան լեռն ու այդ օրվանից սկսվեց նրանց 40 օրվա հերոսամարտը: Սեպտեմբերին ֆրանսիական նավերը քաջ մուսալեռցիներին տեղափոխեցին Պորտ-Սաիդ (Եգիպտոս), իսկ չորս տարի անց, երբ այս տարածքները անցան Ֆրանսիացիների վերահսկողության տակ` նրանք վերադարձան իրենց հայրենի բնօրրանները: Բայց, ցավոք, այդ հետդարձն էլ կարճատև եղավ:
1939թ. հունիսին Ֆրանսիան Սիրիայից անջատելով Հաթայի երկրամասը, այն կրկին հաձնեց Թուրքիային: Թուրքական դաժան հալածանքներից խուսափելու նպատակով` հայ բնակչության մի զգալի հատվածը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից դեպի Սիրիա և Լիբանան: Ողջ մնացածների մյուս հատվածը կենտրոնացավ Վակըֆլումում, որն այսօր Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղն է:
Ամեն տարի օգոստոսին գյուղի բնակիչները Մարիամ Աստվածածնի տոնի առիթով հավաքվելով` միաժամանակ տոնում են նաև գյուղի ստեղծման տարելիցը: Վակըֆլըի հայերը օրվա ընտրությունը պատճառաբանում են նաև այն փաստով, որ այդ օրը խաղողն է օրհնվում, ինչը շատ կարևոր տոն է հայոց համար: Նրանք լավատեղյակ են հայկական սովորույթին, որ Բարիկենդանից մինչև Խաղողօրհնեքի օրը խաղող ուտել չի թույլատրվում: Նրանք համոզված են, որ ազգային դիմագիծը պահպանել կարող են միայն այն դեպքում, եթե չմոռանան ազգային սովորույթներն ու ավանդույթները:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ












