Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է լինել միմիայն ինքնորոշման իրավունքի հիման վրա
Հարցազրույց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ
– ՄԱԿ–ի կանոնադրությունը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը անվերապահորեն սահմանում են ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ միջազգային փաստաթղթերում ի՞նչ կերպ է ներկայացված տարածքային ամբողջականության սկզբունքը, որն այսօր այդչափ կարևորվում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում:
– 1990-ականների սկզբից Հայաստանում ձևավորվեց մի կարծրատիպ, թե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայություն ունի ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ: Այս մոտեցման անցանկալի հետևանքը եղավ այն, որ երկար տարիներ Հայաստանում իշխեց մի սխալ մոտեցում, թե հայկական կողմերը չպետք է խոսեն ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև Ադրբեջանը կարող է դրան հակադրել տարածքային ամբողջականության սկզբունքը և այդ դեպքում իբրև թե մեր դիրքերը կթուլանան: Մինչդեռ ճիշտ հակառակն է: Տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է դիտարկել երկու կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերի` ՄԱԿ–ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում, իսկ երկուսում էլ ձևակերպումը հետևյալն է` ՄԱԿ–ի և ԵԱՀԿ անդամ երկրները հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ակնհայտ է, որ այս նորմը չի կարող կիրառվել ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերում, ավելին` չի կարող հակադրվել դրան, որովհետև այդ խնդիրը չի վերաբերում երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Ցավոք Ադրբեջանն այս տարրական ճշմարտությունը վաղուց է հասկացել, մինչդեռ Հայաստանում դեռևս տիրապետող է 90-ականների սկզբի մոլորությունը: Ադրբեջանը հիանալի գիտի իր աքիլլեսյան գարշապարը, ահա թե ինչու տարիներ շարունակ ջանք չի խնայում հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև որպես տարածքային վեճ ներկայացնել…
– և Հայաստանին «օկուպանտ» որակելու համար:
– Այո, և եթե Հայաստանի իշխանությունները լրջորեն չվերանայեն իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը, իրենց հայտարարություններն ու քայլերը չհամապատասխանեցնեն միջազգային իրավունքի նորմերին` հայկական կողմերի դիրքերը կդառնան ավելի ու ավելի խոցելի: Բերեմ մեկ մասնավոր օրինակ. ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ԼՂՀ–ի դեպքում առանցքային խնդիրը ինքնորոշման իրավունքի կիրառումն է: Միանգամայն ճիշտ մոտեցում է: Բայց երբ դրան զուգահեռ ստորագրում են Մայնդորֆյան հռչակագիրը, արձանագրելով, որ խնդիրը պետք է կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, աննախադեպ ծանր հարված են հասցնում ինքնորոշման իրավունքի կիրառմանը: Այդ իրավունքը պատկանում է ԼՂՀ ժողովրդին, և որևէ մեկը, այդ թվում և Հայաստանը չի կարող դրան միջամտել: 2008-ի նախագահական ընտրությունները լավ հնարավորություն էին` կարգավորման գործընթաց վերադարձնելու միջազգային հանրության կողմից ի սկզբանե հակամարտության կողմ ճանաչված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, բայց ցավոք այն չօգտագործվեց: Նաև այդ պատճառով միջազգային իրավունքի սկզբունքներն այսօր Մինսկի խմբի համանախագահների ձեռքում դարձել են սոսկ աճպարարության գործիք: Մեծ ջանքերի շնորհիվ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինքնորոշման իրավունքի կիրառման անհրաժեշտության մասին 2005-ից սկսեցին խոսել նաև համանախագահները: Կարգավորման գործընթացում սա սկզբունքային շրջադարձ էր, բայց սոսկ դրա արձանագրումը ոչ միայն բավարար չէ, այլև տարատեսակ սպեկուլյացիաների հնարավորություն է ստեղծում: ԼՂՀ–ի մասնակցությունը կարգավորման գործընթացին ապահովելուց զատ` Հայաստանի իշխանությունների երկրորդ կարևորագույն խնդիրը այդ գործընթացը միջազգային իրավունքի հարթություն տեղափոխելն է, որտեղ թե հակամարտության կողմերը, թե համանախագահները պետք է խոսեն նույն «լեզվով»: Մասնավորապես համանախագահները և հակամարտության կողմերը պետք է հստակորեն ձևակերպեն, թե Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չգործադրման սկզբունքների կիրառում ասելով ի՞նչ են հասկանում: Հակառակ դեպքում ստեղծված անորոշությունը գործընթացը վերածում է պահմտոցու: Շատ կարևոր է հստակեցնելը, թե որ սկզբունքը ինչ ենթախնդրի լուծման դեպքում է կիրառելի: Այսպես. տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում, որովհետև հակամարտության ընթացքում երկու երկրների միջև խնդիրներ են առաջացել: Ասենք` Արծվաշենի հարցը. այս տարածքը լինելով Հայաստանի մի մասը` այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է: Ինչ վերաբերում է ԼՂՀ–Ադրբեջան հարաբերություններին` դրանք պետք է կարգավորվեն միմիայն ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Երբեմն ասվում է, թե հիմնարար փաստաթղթերում ինքնորոշման սկզբունքի ձևակերպումն ընդհանրական ձևով է տրված: Մինչդեռ ամեն ինչ շատ հստակ է: Վիեննայի հռչակագիրը ինքնորոշման իրավունքի սկզբունքը հռչակում է որպես անվերապահ ու բարձրագույն իրավական ուժ ունեցող նորմ: Եվ այդ իրավունքի կիրառումը որևէ կերպ սահմանափակել, դրան այլ բան հակադրել` հնարավոր չէ: Երկրորդ` ՄԱԿ–ն ունի միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր, ուր հստակորեն սահմանված է, որ ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել երեք ձևով. երբ` տվյալ տարածքն անջատվում և միանում է որևէ այլ երկրի (ԼՂՀ–ի դեպքում` Հայաստանին), 2-րդ` անջատվում է և հռչակում անկախ պետականություն և 3-րդ` ընտրում է քաղաքական այլ կարգավիճակ: Ընդ որում այս երեք տարբերակներից որևէ մեկի ընտրությունը միայն ինքնորոշվող ժողովրդինն է` առանց որևէ կողմի միջամտության:
– Իսկ Ադրբեջանն այսօր համանախագահների վզին է փաթաթել ինքնորոշման սեփական տարբերակը, թե Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքը կարող է կիրառել ինքնավարության ձևով` Ադրբեջանի կազմում:
– Ցավոք իրավիճակն ավելի վատ է: Վերջին ամիսներին նույն շեշտադրումներով սկսել են խոսել նաև համանախագահները, և Ալիևի այդ հայտարարությունը նույնիսկ ձեռքբերում համարեցին: Բանակցություններում անորոշ է մնում նաև ԼՂՀ–ի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման` հանրաքվեի իրականացման հարցը: Ընդ որում հայկական կողմերն այդ հարցի վերաբերյալ քննարկումները պետք է սկսեն 1991-ին անցկացված անկախության հանրաքվեից: Եթե համանախագահների համար հանրաքվեի անցկացման վերաբերյալ հայտարարություններն աճպարարություն չեն, ապա նրանք պետք է պարզ և հիմնավոր պատասխան տան հետևյալ հարցադրմանը. միջազգային և խորհրդային իրավական բոլոր նորմերին համապատասխան անցկացված հանրաքվեն ինչո՞ւ չպետք է հաշվի առնվի: Հայտարարությունները, թե այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում բնակվող ադրբեջանացիները հեռացել էին` որևէ հիմք չունեն: Բայց հանրաքվեի արդյունքները վկայում են, որ այդ ժամանակ ադրբեջանցիներ կային, որոնց մի մասը Բաքվի կոչով չմասնակցեց հանրաքվեին: Այնպես որ 1991-ի հանրաքվեն մերժելու և նոր հանրաքվե անցկացնելու համար լուրջ հիմքեր են անհրաժեշտ: Ի դեպ կա բացառիկ նշանակություն ունեցող ևս մեկ խնդիր: Դա հակամարտության ծագման, ընթացքի և առանցքային իրադարձությունների վերաբերյալ ճիշտ տեղեկությունների ապահովումն է, ադրբեջանական աղավաղումների ու նենգափոխումների բացահայտումը և դրանց դեմ պայքարը: Այսօր շատերը մոռացել են, թե ինչպե՞ս ծագեց հակամարտությունը, ի՞նչ պատմություն ուներ, ո՞վ ո՞ւմ դեմ կազմակերպեց ռազմական ագրեսիա, ո՞վ ունի փախստականներ, ի՞նչ տեղի ունեցավ Սումգայիթում, Բաքվում, ի՞նչ կատարվեց Շահումյանում… խնդիրները բազմաթիվ են: Ադրբեջանին հաջողվում է աստիճանաբար պատկերը գլխիվայր շուռ տալ: Դա շատ վտանգավոր է, չէ՞ որ հակամարտության բաղադրիչները կարևոր նշանակություն ունեն, երբ որոշվում է, թե այս կամ այն հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի՞ կիրառմամբ, թե ոչ:
– Փաստորեն հիմնարար փաստաթղթերում, եթե անգամ խոսվում էլ է տարածքային ամբողջականության մասին` այն ոչ մի առնչություն չունի որևէ ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման հետ: Մինչդեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահներն ակնհայտորեն առավելությունը տալիս են տարածքային ամբողջականությանը: Սա միջազգային իրավունքի նորմերի խախտում չէ՞:
– Թեև համանախագահները փորձում են անորոշ ձևակերպումներով ու ժամանակ առ ժամանակ հնչող հակասական հայտարարություններով քողարկել իրենց նպատակները` չպետք է մոռանալ, որ նրանք ներկայացնում են որոշակի երկրներ և հաճախ հենց այդ երկրների շահերին են հետամտում: Նման խնդիրների լուծման ժամանակ հաճախ փորձ է արվում քաղաքական շահերը վեր դնել միջազգային նորմերից: Տվյալ դեպքում Հայաստանն ու ԼՂՀ–ն շահագրգիռ են, որ գործընթացը մնա միջազգային իրավունքի շրջանակներում: Հետևաբար հենց հայկական կողմերը պետք է ջանքեր գործադրեն դա ապահովելու համար: Սակայն այդ ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե հայկական կողմերը լավատեղյակ են միջազգային իրավունքի նորմերին և կարող են արդյունավետորեն պաշտպանել այդ դիրքերը: Հակառակ դեպքում միշտ էլ կգտնվեն կողմեր, որոնք առաջ կմղեն սեփական շահերը:Իսկ առհասարակ համանախագահները լիազորվա՞ծ են դատողություններ անել տարածքների պատկանելության կամ սահմանների վերաբերյալ: Այդ առումով նրանք չե՞ն գերազանցում իրենց վերապահված լիազորությունները:Համանախագահների լիազորությունների խնդիրը ևս շատ կարևոր է, սակայն ցավոք` մենք աչքաթող ենք անում: ԵԱՀԿ–ն համանախագահների համար սահմանել է գործունեության և լիազորությունների հստակ շրջանակ: Բայց Հայաստանը երբևէ չի փորձել նրանց ուշադրությունը հրավիրել իրենց իրական լիազորությունների վրա: Համանախագահները պետք է հասկանան, որ այդ շրջանակից դուրս որևէ քայլ անելու իրավունք չունեն: Երբեմն հնչող երկչոտ դժգոհությունների փոխարեն անհրաժեշտ է համանախագահներից պահանջել, որ նրանք գործեն խստորեն իրենց լիազորությունները սահմանող փաստաթղթի շրջանակներում: Հաճախ է խոսվում փոխզիջումների և «գրավյալ տարածքների մասին»:Եթե խոսքը փոխզիջումների մասին է, ապա ԼՂՀ–ն արդեն իսկ մի շարք զիջումներ արել է: Նախ` համաձայնել է խոսել նոր հանրաքվեի հնարավորության մասին, երկրորդ` համաձայնել է, որ իր շահերը ժամանակավորապես ներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահը, երրորդ` ինքնորոշման իրավունքի իրացման համար ընտրել է անկախ պետականության հռչակումը, թեև լիովին իրավունք ուներ միավորվելու Հայաստանի Հանրապետության հետ: Իսկ ի՞նչ զիջումներ է արել Ադրբեջանն այդ ամենի դիմաց` առայժմ ոչինչ: Հետևաբար զիջումներ անելու հերթը Ադրբեջանինն է: Ինչ վերաբերում է ԼՂՀ սահմաններին, ապա դրանք պետք է որոշվեն` հաշվի առնելով թե Ադրբեջանի ագրեսիայով սկսված պատերազմի հետևանքները, թե ԼՂՀ–ի լիարժեք անվտանգությունը: Խորհրդային տարիներին գծվել է արհեստական և պաշտպանության համար բացարձակապես անբարենպաստ սահման: Որևէ մեկը, այդ թվում համանախագահները կարո՞ղ են երաշխավորել, որ եթե անգամ Ադրբեջանն ինչ–որ ժամանակ անց ճանաչի ԼՂՀ անկախությունը` դրանից հետո նոր ագրեսիա չի ձեռնարկի նրա դեմ: Ուրեմն վերադարձը ԼՂԻՄ–ի սահմաններին` անընդունելի է: Ադրբեջանը մեկ անգամ չի ապացուցել, որ ցանկացած պահի կարող է հրաժարվել իր խոստումներից: Քանի որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը «քաղաքակիրթ» է և հեզ, իրական գրավյալ տարածքների` Շահումյանի շրջանի, Մարտունու ու Մարտակերտի մի քանի բնակավայր վերադարձնելու փոխարեն այսօր օրակարգում է բոլորովին այլ խնդիր: Վերջապես մի բան պետք է հասկանալ. նման պահվածքի գինը սոսկ արարողակարգային ժպիտներն ու ձեռքսեղմումներն են:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ












