Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Հարցազրույցներ

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է լինել միմիայն ինքնորոշման իրավունքի հիման վրա

Օգոստոս 9, 2009թ. 20:17

Հարցազրույց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ

– ՄԱԿի կանոնադրությունը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը անվերապահորեն սահմանում են ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ միջազգային փաստաթղթերում ի՞նչ կերպ է ներկայացված տարածքային ամբողջականության սկզբունքը, որն այսօր այդչափ կարևորվում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում:

– 1990-ականների սկզբից Հայաստանում ձևավորվեց մի կարծրատիպ, թե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայություն ունի ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ: Այս մոտեցման անցանկալի հետևանքը եղավ այն, որ երկար տարիներ Հայաստանում իշխեց մի սխալ մոտեցում, թե հայկական կողմերը չպետք է խոսեն ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև Ադրբեջանը կարող է դրան հակադրել տարածքային ամբողջականության սկզբունքը և այդ դեպքում իբրև թե մեր դիրքերը կթուլանան: Մինչդեռ ճիշտ հակառակն է: Տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է դիտարկել երկու կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերի` ՄԱԿի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում, իսկ երկուսում էլ ձևակերպումը հետևյալն է` ՄԱԿի և ԵԱՀԿ անդամ երկրները հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ակնհայտ է, որ այս նորմը չի կարող կիրառվել ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերում, ավելին` չի կարող հակադրվել դրան, որովհետև այդ խնդիրը չի վերաբերում երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Ցավոք Ադրբեջանն այս տարրական ճշմարտությունը վաղուց է հասկացել, մինչդեռ Հայաստանում դեռևս տիրապետող է 90-ականների սկզբի մոլորությունը: Ադրբեջանը հիանալի գիտի իր աքիլլեսյան գարշապարը, ահա թե ինչու տարիներ շարունակ ջանք չի խնայում հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև որպես տարածքային վեճ ներկայացնել

– և Հայաստանին «օկուպանտ» որակելու համար:

– Այո, և եթե Հայաստանի իշխանությունները լրջորեն չվերանայեն իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը, իրենց հայտարարություններն ու քայլերը չհամապատասխանեցնեն միջազգային իրավունքի նորմերին` հայկական կողմերի դիրքերը կդառնան ավելի ու ավելի խոցելի: Բերեմ մեկ մասնավոր օրինակ. ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ԼՂՀի դեպքում առանցքային խնդիրը ինքնորոշման իրավունքի կիրառումն է: Միանգամայն ճիշտ մոտեցում է: Բայց երբ դրան զուգահեռ ստորագրում են Մայնդորֆյան հռչակագիրը, արձանագրելով, որ խնդիրը պետք է կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, աննախադեպ ծանր հարված են հասցնում ինքնորոշման իրավունքի կիրառմանը: Այդ իրավունքը պատկանում է ԼՂՀ ժողովրդին, և որևէ մեկը, այդ թվում և Հայաստանը չի կարող դրան միջամտել: 2008-ի նախագահական ընտրությունները լավ հնարավորություն էին` կարգավորման գործընթաց վերադարձնելու միջազգային հանրության կողմից ի սկզբանե հակամարտության կողմ ճանաչված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, բայց ցավոք այն չօգտագործվեց: Նաև այդ պատճառով միջազգային իրավունքի սկզբունքներն այսօր Մինսկի խմբի համանախագահների ձեռքում դարձել են սոսկ աճպարարության գործիք: Մեծ ջանքերի շնորհիվ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինքնորոշման իրավունքի կիրառման անհրաժեշտության մասին 2005-ից սկսեցին խոսել նաև համանախագահները: Կարգավորման գործընթացում սա սկզբունքային շրջադարձ էր, բայց սոսկ դրա արձանագրումը ոչ միայն բավարար չէ, այլև տարատեսակ սպեկուլյացիաների հնարավորություն է ստեղծում: ԼՂՀի մասնակցությունը կարգավորման գործընթացին ապահովելուց զատ` Հայաստանի իշխանությունների երկրորդ կարևորագույն խնդիրը այդ գործընթացը միջազգային իրավունքի հարթություն տեղափոխելն է, որտեղ թե հակամարտության կողմերը, թե համանախագահները պետք է խոսեն նույն «լեզվով»: Մասնավորապես համանախագահները և հակամարտության կողմերը պետք է հստակորեն ձևակերպեն, թե Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չգործադրման սկզբունքների կիրառում ասելով ի՞նչ են հասկանում: Հակառակ դեպքում ստեղծված անորոշությունը գործընթացը վերածում է պահմտոցու: Շատ կարևոր է հստակեցնելը, թե որ սկզբունքը ինչ ենթախնդրի լուծման դեպքում է կիրառելի: Այսպես. տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել ՀայաստանԱդրբեջան հարաբերություններում, որովհետև հակամարտության ընթացքում երկու երկրների միջև խնդիրներ են առաջացել: Ասենք` Արծվաշենի հարցը. այս տարածքը լինելով Հայաստանի մի մասը` այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է: Ինչ վերաբերում է ԼՂՀԱդրբեջան հարաբերություններին` դրանք պետք է կարգավորվեն միմիայն ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Երբեմն ասվում է, թե հիմնարար փաստաթղթերում ինքնորոշման սկզբունքի ձևակերպումն ընդհանրական ձևով է տրված: Մինչդեռ ամեն ինչ շատ հստակ է: Վիեննայի հռչակագիրը ինքնորոշման իրավունքի սկզբունքը հռչակում է որպես անվերապահ ու բարձրագույն իրավական ուժ ունեցող նորմ: Եվ այդ իրավունքի կիրառումը որևէ կերպ սահմանափակել, դրան այլ բան հակադրել` հնարավոր չէ: Երկրորդ` ՄԱԿն ունի միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր, ուր հստակորեն սահմանված է, որ ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել երեք ձևով. երբ` տվյալ տարածքն անջատվում և միանում է որևէ այլ երկրի (ԼՂՀի դեպքում` Հայաստանին), 2-րդ` անջատվում է և հռչակում անկախ պետականություն և 3-րդ` ընտրում է քաղաքական այլ կարգավիճակ: Ընդ որում այս երեք տարբերակներից որևէ մեկի ընտրությունը միայն ինքնորոշվող ժողովրդինն է` առանց որևէ կողմի միջամտության:

– Իսկ Ադրբեջանն այսօր համանախագահների վզին է փաթաթել ինքնորոշման սեփական տարբերակը, թե Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքը կարող է կիրառել ինքնավարության ձևով` Ադրբեջանի կազմում:

– Ցավոք իրավիճակն ավելի վատ է: Վերջին ամիսներին նույն շեշտադրումներով սկսել են խոսել նաև համանախագահները, և Ալիևի այդ հայտարարությունը նույնիսկ ձեռքբերում համարեցին: Բանակցություններում անորոշ է մնում նաև ԼՂՀի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման` հանրաքվեի իրականացման հարցը: Ընդ որում հայկական կողմերն այդ հարցի վերաբերյալ քննարկումները պետք է սկսեն 1991-ին անցկացված անկախության հանրաքվեից: Եթե համանախագահների համար հանրաքվեի անցկացման վերաբերյալ հայտարարություններն աճպարարություն չեն, ապա նրանք պետք է պարզ և հիմնավոր պատասխան տան հետևյալ հարցադրմանը. միջազգային և խորհրդային իրավական բոլոր նորմերին համապատասխան անցկացված հանրաքվեն ինչո՞ւ չպետք է հաշվի առնվի: Հայտարարությունները, թե այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում բնակվող ադրբեջանացիները հեռացել էին` որևէ հիմք չունեն: Բայց հանրաքվեի արդյունքները վկայում են, որ այդ ժամանակ ադրբեջանցիներ կային, որոնց մի մասը Բաքվի կոչով չմասնակցեց հանրաքվեին: Այնպես որ 1991-ի հանրաքվեն մերժելու և նոր հանրաքվե անցկացնելու համար լուրջ հիմքեր են անհրաժեշտ: Ի դեպ կա բացառիկ նշանակություն ունեցող ևս մեկ խնդիր: Դա հակամարտության ծագման, ընթացքի և առանցքային իրադարձությունների վերաբերյալ ճիշտ տեղեկությունների ապահովումն է, ադրբեջանական աղավաղումների ու նենգափոխումների բացահայտումը և դրանց դեմ պայքարը: Այսօր շատերը մոռացել են, թե ինչպե՞ս ծագեց հակամարտությունը, ի՞նչ պատմություն ուներ, ո՞վ ո՞ւմ դեմ կազմակերպեց ռազմական ագրեսիա, ո՞վ ունի փախստականներ, ի՞նչ տեղի ունեցավ Սումգայիթում, Բաքվում, ի՞նչ կատարվեց Շահումյանումխնդիրները բազմաթիվ են: Ադրբեջանին հաջողվում է աստիճանաբար պատկերը գլխիվայր շուռ տալ: Դա շատ վտանգավոր է, չէ՞ որ հակամարտության բաղադրիչները կարևոր նշանակություն ունեն, երբ որոշվում է, թե այս կամ այն հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի՞ կիրառմամբ, թե ոչ:

– Փաստորեն հիմնարար փաստաթղթերում, եթե անգամ խոսվում էլ է տարածքային ամբողջականության մասին` այն ոչ մի առնչություն չունի որևէ ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման հետ: Մինչդեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահներն ակնհայտորեն առավելությունը տալիս են տարածքային ամբողջականությանը: Սա միջազգային իրավունքի նորմերի խախտում չէ՞:

– Թեև համանախագահները փորձում են անորոշ ձևակերպումներով ու ժամանակ առ ժամանակ հնչող հակասական հայտարարություններով քողարկել իրենց նպատակները` չպետք է մոռանալ, որ նրանք ներկայացնում են որոշակի երկրներ և հաճախ հենց այդ երկրների շահերին են հետամտում: Նման խնդիրների լուծման ժամանակ հաճախ փորձ է արվում քաղաքական շահերը վեր դնել միջազգային նորմերից: Տվյալ դեպքում Հայաստանն ու ԼՂՀն շահագրգիռ են, որ գործընթացը մնա միջազգային իրավունքի շրջանակներում: Հետևաբար հենց հայկական կողմերը պետք է ջանքեր գործադրեն դա ապահովելու համար: Սակայն այդ ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե հայկական կողմերը լավատեղյակ են միջազգային իրավունքի նորմերին և կարող են արդյունավետորեն պաշտպանել այդ դիրքերը: Հակառակ դեպքում միշտ էլ կգտնվեն կողմեր, որոնք առաջ կմղեն սեփական շահերը:Իսկ առհասարակ համանախագահները լիազորվա՞ծ են դատողություններ անել տարածքների պատկանելության կամ սահմանների վերաբերյալ: Այդ առումով նրանք չե՞ն գերազանցում իրենց վերապահված լիազորությունները:Համանախագահների լիազորությունների խնդիրը ևս շատ կարևոր է, սակայն ցավոք` մենք աչքաթող ենք անում: ԵԱՀԿն համանախագահների համար սահմանել է գործունեության և լիազորությունների հստակ շրջանակ: Բայց Հայաստանը երբևէ չի փորձել նրանց ուշադրությունը հրավիրել իրենց իրական լիազորությունների վրա: Համանախագահները պետք է հասկանան, որ այդ շրջանակից դուրս որևէ քայլ անելու իրավունք չունեն: Երբեմն հնչող երկչոտ դժգոհությունների փոխարեն անհրաժեշտ է համանախագահներից պահանջել, որ նրանք գործեն խստորեն իրենց լիազորությունները սահմանող փաստաթղթի շրջանակներում: Հաճախ է խոսվում փոխզիջումների և «գրավյալ տարածքների մասին»:Եթե խոսքը փոխզիջումների մասին է, ապա ԼՂՀն արդեն իսկ մի շարք զիջումներ արել է: Նախ` համաձայնել է խոսել նոր հանրաքվեի հնարավորության մասին, երկրորդ` համաձայնել է, որ իր շահերը ժամանակավորապես ներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահը, երրորդ` ինքնորոշման իրավունքի իրացման համար ընտրել է անկախ պետականության հռչակումը, թեև լիովին իրավունք ուներ միավորվելու Հայաստանի Հանրապետության հետ: Իսկ ի՞նչ զիջումներ է արել Ադրբեջանն այդ ամենի դիմաց` առայժմ ոչինչ: Հետևաբար զիջումներ անելու հերթը Ադրբեջանինն է: Ինչ վերաբերում է ԼՂՀ սահմաններին, ապա դրանք պետք է որոշվեն` հաշվի առնելով թե Ադրբեջանի ագրեսիայով սկսված պատերազմի հետևանքները, թե ԼՂՀի լիարժեք անվտանգությունը: Խորհրդային տարիներին գծվել է արհեստական և պաշտպանության համար բացարձակապես անբարենպաստ սահման: Որևէ մեկը, այդ թվում համանախագահները կարո՞ղ են երաշխավորել, որ եթե անգամ Ադրբեջանն ինչոր ժամանակ անց ճանաչի ԼՂՀ անկախությունը` դրանից հետո նոր ագրեսիա չի ձեռնարկի նրա դեմ: Ուրեմն վերադարձը ԼՂԻՄի սահմաններին` անընդունելի է: Ադրբեջանը մեկ անգամ չի ապացուցել, որ ցանկացած պահի կարող է հրաժարվել իր խոստումներից: Քանի որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը «քաղաքակիրթ» է և հեզ, իրական գրավյալ տարածքների` Շահումյանի շրջանի, Մարտունու ու Մարտակերտի մի քանի բնակավայր վերադարձնելու փոխարեն այսօր օրակարգում է բոլորովին այլ խնդիր: Վերջապես մի բան պետք է հասկանալ. նման պահվածքի գինը սոսկ արարողակարգային ժպիտներն ու ձեռքսեղմումներն են:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`