«Թուրքիայի կառավարությունը Հայաստանին խոստացել է առանց նախապայմանների բացել սահմանը»
Այսօր Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակներ խիստ անհանգստացած են և փորձում են պարզել, թե, իրականում թուրքական կառավարությունն ի՞նչ խոստումներ է տվել Հայաստանին: Խոսքը վերաբերում է ապրիլի 23-ին ի հայտ եկած «ճանապարհային քարտեզի» բովանդակության գաղտնազերծմանը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Օնուր Օյմենը` քրդական և հայկական փաստաթղթերը պատրաստած Ատլանտյան խորհրդի փորձագետ Դևիդ Ֆիլիպսի հասցեին ասել է, թե «Նա իր մի ձեռքում պահում է քրդական հարցը, մյուսում` հայկական խնդիրը»: Հիշեցնենք, որ փորձագետ Դևիդ Ֆիլիպսը միաժամանակ ամերիկյան կառավարության աջակցությամբ ձևավորված թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի նախագահն է:
Օյմենը կուսակցության անունից հայտարարել է, որ հիշյալ հանձնաժողովի ձեռքով պատրաստված և Թուրքիայի ու Հայաստանի կառավարություններին «պարտադրված» «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը դեռևս թաքցվում է հասարակությունից: Ըստ նրա, Թուրքիայի կառավարությունը Հայաստանին խոստացել է առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը: Ավելին, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Թուրքիա կատարած այցի ընթացքում ևս նման հայտարարություն էր արել:
Օյմենի կարծիքով վերջին զարգացումները թույլ են տալիս համոզված ասել, որ Թուրքիայի կառավարությունը համաձայնվել է առանց նախապայմանի բացել սահմանը:
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Թուրքիայի կառավարությանը մեղադրում է նաև արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվելու մեջ:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ












