Ստեփան Գրիգորյան. «Հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է լինի հրապարակային ու թափանցիկ»
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Շվեյցարիայի դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` նախօրեին տարածած մամլո հաղորդագրությանը` ՀՀ-ի և Թուրքիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ըստ քաղաքագետի, փաստաթղթում առկա են դրական միտումներ: Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ Հայաստանն ու Թուրքիան այսօր, իրոք, պատրաստ են հարաբերությունների բարելավմանը:
Վերջինս փաստաթղթում մատնանշում է երկու կարևոր տարր. առաջինն, ըստ քաղաքագետի, այն է, որ բարելավման գործընթացը պետք է լինի հրապարակային ու թափանցիկ:
Մյուս կարևոր քայլը, ըստ բանախոսի, խոսքն այն մասին է, որ փաստաթղթում հստակ ընդգծված են ժամկետներ:
Ներքին քաղաքական քննարկումների համար տրվում է վեց շաբաթ: «Եթե նկատում եք, հարաբերությունների բարելավման մասին փաստող արձանագրությունում, ուր խոսվում է սահմանի բացման մասին, նշված է, որ ստորագրվելու դեպքում երկու ամսից հետո պետք է սահմանը բացվի: Սա շատ կարևոր է, և, իրոք, հայաստանյան քաղաքական ուժերն ու փորձագետները շատ տեղին մտահոգություններ են արտահայտնում, նկատելով, որ Թուրքիայի կողմից փոխադարձ քայլ չի արվել: Ստացվում է այնպես , որ Թուրքիան շահում է ժամանակ, ինչ որ խաղեր է տալիս, մենք էլ մեր խաղաքարտերը թուլացնում ենք: Այս երեք փաստաթղթերի մեջ էլ ֆիքսված ժամկետներ են առկա»,- ընդգծեց բանախոսը:
Ըստ Գրիգորյանի, արձանագրությունը, որ առնչվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ, գրեթե բոլոր պարբերություններով համընկնում է միջազգային փաստաթղթերում եղած ձևակերպումների հետ: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է հենվել միջազգային կանոնների վրա:
Քաղաքագետը լրագրողների ուշադրությունը հրավիրեց փոխադարձաբար սահմանների ճանաչման կետի վրա: Սա էլ բավականին մոտ է միջազգային ձևակերպումներին, բայց լավ է, որ Կարսի պայմանագրի հիշատակում այստեղ չկա և, իհարկե, նաև չենք կարող չնշել, որ այս նախադասությունը փաստաթղթում ներառված է Թուրքիայի ցանկությամբ», – եզրափակեց քաղաքագետը:
Ն.Մ.
Թեգեր` Գլոբալիզացիա, Շվեյցարիայի դեպարտամենտ, Ստեփան Գրիգորյան












