Նոր ուսումնական տարին նոր մասնաշենքում
Նոր ուսումնական տարվա սկզբին անգնահատելի նվեր ստացան Ստեփանակերտի «Տաթև»մանկապարտեզի սաները: Այսուհետև նրանք կունենան մանկապարտեզի նոր մասնաշենք` նախկինից շատ ավելի բարվոք պայմաններով: Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այսօր երկրի ղեկավարը անձամբ տեսավ, թե ինչ պայմաններ են ստեղծված համար 3 մանկապարտեզի սաների համար: Պատասխանատուները վստահեցնում են, որ նոր շինությունը, որի պատվիրատուն է ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությունը, բավարարում է մանկապարտեզին առաջադրվող բոլոր պայմանները: «Նոր շենքը բավարարում է նմանատիպ կառույցների համար պահանջվող բոլոր քաղաքաշինական նորմերը»,- վստահեցնում է ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը:
Մանկապարտեզի նոր շենքը նախատեսված է 110 երեխաների համար: Այսօր համար 3 մանկապարտեզում գրանցված է 120 սան: Ամեն դեպքում կփորձեն առավել արդյունավետ օգտագործել առկա հնարավորությունները: Մանկապարտեզի տնօրեն Իրինա Գրիգորյանը հավաստիացնում է, որ կփորձեն առավել արդյունավետ օգտագործել ստեղծված հնարավորությունները:
Նախատեսվում է հետագայում ավելի թեթևացնել այս մանկապարտեզի ծանրաբեռնվածությունը: «Նախադպրոցական հիմնարկների շինարարությունը դեռ նոր է մեկնարկում թե մայրաքաղաքում, թե հանրապետության շրջաններում»,- մանրամասնեց կապիտալ շինարարության վարչության պետը:
Նախագահ Բակո Սահակյանի եւ նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ մեկնակետը Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի` վերջերս շահագործման հանձնված շենքն էր:
Նոր շենքի առավելությունների ու ընձեռած լայն հնարավորությունների կողքին երկրի ղեկավարի աչքից չվրիպեցին նաեւ առկա շինարարական թերությունները:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Թեգեր` Արցախ, Բակո Սահակյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Ստեփանակերտ












