Գարիկ Քեռյանը. «Մենք պետք է դուրս գանք կաղապարներից, մեր վախը չափենք ու ազատ ապրենք»
Հայաստանի և Թուքիայի միջև նախաստորագրված և օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրության մեջ, ինչպես արդեն նշել ենք, բացակայում է «Ցեղասպանություն» բառը, ինչը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց թե’ Հայաստանի քաղաքական շրջանակներում, թե’ Սփյուռքում:
Հնչած կարծիքներն էլ ակնհայտորեն տարբեր էին: Մասնավորապես, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե դրանից առանձնապես պետք չէ վատ զգալ, քանի որ սահմանի բացման շուրջ ընթացող բանակցություններն այլևս դիտարկվում է որպես առանձին խնդիր, և Ցեղասպանություն բառի բացակայությունը նույնիսկ տրամաբանական է:
Խնդիրը նույն կերպ է դիտարկում և քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, նշելով, որ առաջին արձանագրությունը Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն է վերաբերում, իսկ երկրորդը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. Մեր մտահոգությունը տեղին կլիներ եթե Ցեղասպանության կամ դրան նախորդած շրջանում երկու երկրների միջև տեղի ունեցած իրադարձությունների մասին որոշակի քաղաքական փաստաթուղթ ստորագրվեր,-ասում է Քեռյանը:
Առաջին փաստաթղթի ներածականում նշված է, որ երկու պետություններն իրենց հարաբերությունները սկսում են` հարգելով բոլոր միջազգային պայմանավորվածությունները: Փաստորեն, սրանից մեխանիկորեն բխում է այն, որ երկու պետություններն ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որն, ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների, նշանակում է ընդունել և ճանաչել 1920 թ.-ի թուրք-բոլշևիկյան համաձայնությամբ Հայաստանին պարտադրված հայ-թուրքական ներկայիս սահմանը, որից բխում է, որ Հայաստանն ինքնակամ հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջ ներկայացնելու իրավունքից: Եթե մենք չենք ճանաչում տարածքային ամբողջականությունը, դրանից կբխի, որ մենք չենք ճանաչում հայ-թուրքական սահմանը, ուստի անտրամաբանական կդառնա սահմանի բացման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որևէ գործողություն: Ես չեմ տեսել աշխարհում որևէ երկու պետություն, որոնք միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն` առանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու,-ասում է Քեռյանը` հավելելով, որ փաստաթղթում ասվում է, թե երկու պետությունները պարտավորվում են հարաբերությունները զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և միջազգային այլ համաձայնագրերի շրջանակներում, որտեղ էական է տարածքային ամբողջականության հարցը: Իսկ, արդյո՞ք, Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ընդունելը չի նշանակում ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, քանի որ վերջինս Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում խնդիրը միջազգային հանրությանը ներկայացնում է տարածքային ամբողջականության տեսանկյունից` անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը և Ադրբեջանը, դառնալով ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, ինքնին պարտավորվել են ընդունել նաև մարդու իրավունքներից ու հիմանարար ազատություններից կարևորագույնը` ազգերի ինքնորոշման իրավունքը, ուստի Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող չճանաչել միմյանց տարածքային ամբողջականութունը և չեն կարող չճանաչել ազգերի ինքնորոշման իրավունքը:Եթե այն տրամաբանությամբ առաջնորդվենք, որով այսօր գնում են որոշ քաղաքագետներ, վայ հայրենասերներ, սուտ ազգայնականներ, դա կնշանակի, որ մենք պետք է հետ գնանք մինչև պատմական այն ժամանակաշրջանները, երբ այս տարածաշրջանում թուրքեր չկային,- ասում է քաղաքագետը:
Քեռյանի համոզմամբ, խորհրդային մտածելակերպի կարծրատիպով առաջնորդվողների համար ՆԱՏՕ-ն բոբո է, ու նրանց թվում է, թե ՆԱՏՕ-ի ազդեցության տարածքում լինելը կվնասի մեզ: Իրականում հակառակն է, դա անվտանգություն է նշանակում, իսկ Թուրքիայի հետ սահմանի բացումը նշանակում է զարգացում: Պարզապես հարկավոր է, որ մենք դուրս գանք կազապարներից, մեր վախը չափենք և ազատ ապրենք,- եզրափակում է քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ












