Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Գարիկ Քեռյանը. «Մենք պետք է դուրս գանք կաղապարներից, մեր վախը չափենք ու ազատ ապրենք»

Սեպտեմբեր 7, 2009թ. 11:03

Հայաստանի և Թուքիայի միջև նախաստորագրված և օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրության մեջ, ինչպես արդեն նշել ենք, բացակայում է «Ցեղասպանություն» բառը, ինչը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց թե’ Հայաստանի քաղաքական շրջանակներում, թե’ Սփյուռքում:

Հնչած կարծիքներն էլ ակնհայտորեն տարբեր էին: Մասնավորապես, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե դրանից առանձնապես պետք չէ վատ զգալ, քանի որ սահմանի բացման շուրջ ընթացող բանակցություններն այլևս դիտարկվում է որպես առանձին խնդիր, և Ցեղասպանություն բառի բացակայությունը նույնիսկ տրամաբանական է:

Խնդիրը նույն կերպ է դիտարկում և քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, նշելով, որ առաջին արձանագրությունը Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն է վերաբերում, իսկ երկրորդը` երկու երկրների  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. Մեր մտահոգությունը տեղին կլիներ եթե Ցեղասպանության կամ դրան նախորդած շրջանում երկու երկրների միջև տեղի ունեցած իրադարձությունների մասին որոշակի քաղաքական փաստաթուղթ ստորագրվեր,-ասում է Քեռյանը:

Առաջին փաստաթղթի ներածականում նշված է, որ երկու պետություններն իրենց հարաբերությունները սկսում են` հարգելով բոլոր միջազգային պայմանավորվածությունները: Փաստորեն, սրանից մեխանիկորեն բխում է  այն, որ երկու պետություններն ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որն, ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների, նշանակում է ընդունել և ճանաչել 1920 թ.-ի թուրք-բոլշևիկյան համաձայնությամբ Հայաստանին պարտադրված հայ-թուրքական ներկայիս սահմանը, որից բխում է, որ Հայաստանն ինքնակամ հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ որևէ  տարածքային պահանջ ներկայացնելու իրավունքից:   Եթե մենք չենք ճանաչում տարածքային ամբողջականությունը, դրանից կբխի, որ մենք չենք ճանաչում հայ-թուրքական սահմանը, ուստի անտրամաբանական կդառնա սահմանի բացման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որևէ գործողություն: Ես չեմ տեսել աշխարհում որևէ երկու պետություն, որոնք միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն` առանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու,-ասում է Քեռյանը` հավելելով, որ փաստաթղթում ասվում է, թե երկու պետությունները պարտավորվում են հարաբերությունները զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և միջազգային այլ համաձայնագրերի շրջանակներում, որտեղ էական է տարածքային ամբողջականության հարցը: Իսկ, արդյո՞ք, Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ընդունելը չի նշանակում  ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, քանի որ վերջինս Արցախյան հիմնահարցի կարգավորման  շուրջ ընթացող բանակցություններում խնդիրը միջազգային հանրությանը ներկայացնում է  տարածքային ամբողջականության տեսանկյունից` անտեսելով  ազգերի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը և Ադրբեջանը, դառնալով ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, ինքնին պարտավորվել են ընդունել նաև մարդու իրավունքներից ու հիմանարար ազատություններից կարևորագույնը`  ազգերի ինքնորոշման իրավունքը, ուստի Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող չճանաչել միմյանց տարածքային ամբողջականութունը և չեն կարող չճանաչել ազգերի ինքնորոշման իրավունքը:Եթե այն տրամաբանությամբ առաջնորդվենք, որով այսօր գնում են որոշ քաղաքագետներ, վայ հայրենասերներ, սուտ ազգայնականներ,  դա կնշանակի, որ մենք պետք է հետ գնանք մինչև պատմական այն ժամանակաշրջանները, երբ այս տարածաշրջանում թուրքեր չկային,- ասում է քաղաքագետը:

Քեռյանի համոզմամբ, խորհրդային մտածելակերպի կարծրատիպով առաջնորդվողների համար ՆԱՏՕ-ն բոբո է, ու նրանց թվում է, թե ՆԱՏՕ-ի ազդեցության տարածքում լինելը կվնասի մեզ: Իրականում հակառակն է, դա  անվտանգություն է նշանակում, իսկ Թուրքիայի հետ սահմանի բացումը  նշանակում է զարգացում: Պարզապես հարկավոր է, որ մենք դուրս գանք կազապարներից, մեր վախը չափենք և ազատ ապրենք,- եզրափակում է քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`