Ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը. «Թուրքիայի երաշխիքները գրոշի արժեք չունեն»
Ադրբեջանական «Խալգաբհեսի» ինտերնետային կայքէջում տպագրվել է մի ծավալուն հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններին: «Թուրք նախագահ Ա. Գյուլը, վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, արտգործնախարար Ա. Դավութօղլուն բոլորովին վերջերս երդվելով վստահեցնում էին Ադրբեջանին, որ մինչև գրավյալ տարածքները չազատագրվեն, Հայաստանի հետ սահմանները չեն բացվի: Բացի այդ դերասանական հատուկ հմտությամբ, էմոցիաներով ու ժեստերով արտաբերված այդ խոսքերը ամրապնդվել են մի վերջնական ակորդով. Թուրքիան երբեք չի դավաճանի Ադրբեջանին, Թուրքիան երաշխավորում է: Այդ երաշխիքները գրոշի արժեք չունեն», -գրել է ադրբեջանական պարբերականը: «Պատմությունն, անկասկած, կամրագրի թուրք ժողովրդի դավաճանությունը ադրբեջանական թուրքերի հանդեպ: Ես կոչ եմ անում բողոքի ձայն բարձրացնել Թուրքիայի այդ քայլի դեմ»,-նույն պարբերականում իր կարծիքն է արտահայտել «Միասնական Ադրբեջան» ժողովրդական ճակատի ղեկավար Հուդրատ Հասանգուլիևը: «Մեծն Աթաթուրքի կողմից հիմնադրված Թուրքիա, որ մեր եղբայրն էիր համարվում, քո ուրախությունն ու ամեն տխրությունը մեր սրտերում արտահայտում էինք, ինչպես մերը: Մենք այլ ելք չունենք, քան ցավել, որ այդ երկրի գլխին կանգնած են մարդիկ, ովքեր իրենց խոսքի տերը չեն: Ցավում ենք քեզ համար, Թուրքիա», -հավելել է ադրբեջանական կայքէջը: Ըստ աղբյուրի, Հայաստանի հետ Թուրքիայի` առանց նախապայմանների մերձեցումը չի բխում Ադրբեջանի շահերից: Ն.Մ.
Թեգեր` Ա. Գյուլ, Ռ. Թ. Էրդողան












