Գարիկ Քեռյան.«Արցախյան խնդրի չկարգավորված լինելը լուրջ հարված է Թուրքիայի` համաթուրքական ծրագերի իրականացմանը»
Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանի հետ
– Ակնհայտ է Թուրքիայի ձգտումը` հարավ-կովկասյան տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնելու հարցում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Ադրբեջանական և միջինասիական գազը և նավթը դեպի Եվրոպա տեղափոխելու նպատակով բավականին մեծ էներգետիկ կոմունիկացիոն ծրագրեր են մշակվում, որը կարող է Թուրքիայի համար լուրջ տնտեսական ներարկումների աղբյուր դառնալ և բարձրացնել նրա դերը և Եվրոպայում, և ողջ աշխարհում: Եվ բնականաբար, Թուրքիան փորձում է ազդեցության ոլորտներ ստեղծել Հարավային Կովկասում, ինչով և պայմանավորված է տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնելու նրա ձգտումը:
– Չնայած որոշ քաղաքագետներ հակառակն են պնդում, սական պարզորոշ է Թուրքիայի շահագրգռվածությունն Արցախյան խնդրի արագ կարգավորման հարցում:
– Թուրքիան զգում է, որ արցախյան խնդրի չկարգավորված լինելը լուրջ հարված է Թուրքիայի համաթուրքականության արտաքին քաղաքական պլանների իրականացմանը, այսինքն`խոչընդոտում է Թուրքիան դեպի ասիական թուրքալեզու պետություններ դուրս գալու գործընթացին: Թուրքիան իր աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնման համար ձգտում է, որ այդ հակամարտությունը կամ արագ կարգավորվի, կամ`մղվի երկրորդ պլան, որպեսզի հայ-թուրքական սահմանի բացումը մի կողմից չփչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ, մյուս կողմից` իրեն ազատի ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի ճնշումներից:
– Այսօր` թե’ Միացյալ Նահանգները, թե’ Եվրոպան առավել քան շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ, ի՞նչ շահերի հետ գործ ունենք:
– Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը Եվրամիության երկրներին ցույց տվեց, որ պետք չէ սահմանափակվել միայն եվրոյի գոտով, անհրաժեշտ է լուրջ տնտեսական էքսպանսիա այն երկրներում, որոնք կարող են Եվրոպական ապրանքների սպառողը դառնալ, իսկ այս պայմաններում Հարավային Կովկասում նրանք փակուղի են տեսնում: Բացի այդ, Եվրամիությունը հայ-թուրքական փակ սահմանի պայմաններում չի կարող իրականացնել արևելյան գործընկերության ծրագիրը, քանի որ վերջինս լուրջ նպատակներ ունի Հարավային Կովկասը, Ուկրաինան, Մոլդովան վերցնել առաջին հերթի հարևանության մեջ` տնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով: ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բացելով հայ-թուրքական սահմանը վերջինս ընդլայնում է իր հիմնական հարավային թևի հենարանի և դաշնակցի ազդեցության գոտին: Եթե չբացվի հայ-թուրքական սահմանը` Հայաստանը կշարունակի մնալ միայն Ռուսաստանի ազդեցության գոտում, ինչն այնքան էլ ցանկալի չի ԱՄՆ-ի համար, իսկ սահմանի բացումը հնարավորություն կտա ՆԱՏՕ-ական ազդեցության ներթափանցումը Հայաստան:
– ԱՄՆ ծրագրերը հակասության մեջ չե՞ն մտնում մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի տարածաշրջանային ծրագրերի հետ:
– Այս պահին, կարծում եմ` ոչ: Բանն այն է, որ Ռուսաստանը որոշել է երկար ժամանակով փակել ռուս-վրացական սահմանը, իսկ Հայաստանը` լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, չի կարող անտեսվել Կրեմլի կողմից: Բացի այդ, Կրեմլը փնտրում է նոր կոմունիկացիոն ուղիներ և դաշնակիցներ: Աջակցելով հայ-թուրքական սահմանի բացմանը Ռուսաստանը մեզ այլընտրանքային կոմունիկացիոն ուղիների հնարավորություն է ընձեռում, որը, բնականաբար, ուղղված է Վրաստանի դեմ: Դա է պատճառը, որ նա ևս իր հերթին նպաստում է հայ-թուրքական սահմանի բացմանը:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թեգեր` Գարիկ Քեռյան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ












