Գլխավոր » Հարցազրույցներ, Քաղաքականություն

Գարիկ Քեռյան.«Արցախյան խնդրի չկարգավորված լինելը լուրջ հարված է Թուրքիայի` համաթուրքական ծրագերի իրականացմանը»

Սեպտեմբեր 9, 2009թ. 10:45

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանի հետ
–        Ակնհայտ է Թուրքիայի ձգտումը`  հարավ-կովկասյան տարածաշրջանում  առաջնորդի դեր ստանձնելու հարցում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ադրբեջանական և միջինասիական գազը և նավթը դեպի Եվրոպա տեղափոխելու նպատակով բավականին մեծ էներգետիկ կոմունիկացիոն ծրագրեր են մշակվում, որը կարող է Թուրքիայի համար լուրջ տնտեսական ներարկումների աղբյուր դառնալ և բարձրացնել նրա դերը և Եվրոպայում, և ողջ աշխարհում: Եվ բնականաբար,  Թուրքիան փորձում է ազդեցության ոլորտներ ստեղծել Հարավային Կովկասում, ինչով և պայմանավորված է տարածաշրջանում  առաջնորդի դեր ստանձնելու նրա ձգտումը:

–        Չնայած որոշ քաղաքագետներ հակառակն են պնդում, սական պարզորոշ է Թուրքիայի շահագրգռվածությունն  Արցախյան  խնդրի արագ կարգավորման հարցում:

–        Թուրքիան զգում է, որ արցախյան խնդրի չկարգավորված լինելը լուրջ հարված է Թուրքիայի համաթուրքականության արտաքին քաղաքական պլանների իրականացմանը, այսինքն`խոչընդոտում է  Թուրքիան դեպի ասիական թուրքալեզու պետություններ դուրս գալու գործընթացին: Թուրքիան իր աշխարհաքաղաքական  ազդեցության ընդլայնման  համար ձգտում է, որ  այդ հակամարտությունը կամ արագ կարգավորվի, կամ`մղվի երկրորդ պլան,  որպեսզի հայ-թուրքական սահմանի բացումը մի կողմից չփչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ, մյուս կողմից` իրեն ազատի ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի ճնշումներից:

–        Այսօր` թե’ Միացյալ Նահանգները, թե’ Եվրոպան առավել քան շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ, ի՞նչ շահերի հետ գործ ունենք:

–        Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը Եվրամիության երկրներին ցույց տվեց, որ պետք չէ սահմանափակվել միայն եվրոյի գոտով,  անհրաժեշտ է լուրջ տնտեսական էքսպանսիա այն երկրներում, որոնք կարող են Եվրոպական ապրանքների սպառողը դառնալ, իսկ այս պայմաններում Հարավային Կովկասում նրանք փակուղի են տեսնում: Բացի այդ, Եվրամիությունը հայ-թուրքական փակ սահմանի պայմաններում չի կարող իրականացնել արևելյան գործընկերության ծրագիրը, քանի որ վերջինս լուրջ նպատակներ ունի Հարավային Կովկասը, Ուկրաինան, Մոլդովան վերցնել առաջին հերթի հարևանության մեջ` տնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով: ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բացելով հայ-թուրքական սահմանը  վերջինս ընդլայնում է իր հիմնական հարավային թևի հենարանի և դաշնակցի ազդեցության գոտին: Եթե չբացվի հայ-թուրքական սահմանը` Հայաստանը կշարունակի մնալ միայն Ռուսաստանի ազդեցության գոտում, ինչն այնքան էլ ցանկալի չի ԱՄՆ-ի համար, իսկ սահմանի բացումը հնարավորություն կտա ՆԱՏՕ-ական ազդեցության ներթափանցումը Հայաստան:

–        ԱՄՆ ծրագրերը հակասության մեջ չե՞ն մտնում մեր  ռազմավարական գործընկերոջ`  Ռուսաստանի տարածաշրջանային ծրագրերի հետ:

–        Այս պահին, կարծում եմ` ոչ: Բանն այն է, որ   Ռուսաստանը որոշել է երկար ժամանակով փակել ռուս-վրացական սահմանը, իսկ Հայաստանը` լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, չի կարող անտեսվել Կրեմլի կողմից: Բացի այդ, Կրեմլը փնտրում է նոր կոմունիկացիոն ուղիներ և դաշնակիցներ: Աջակցելով հայ-թուրքական սահմանի բացմանը  Ռուսաստանը մեզ այլընտրանքային կոմունիկացիոն ուղիների հնարավորություն է ընձեռում, որը, բնականաբար, ուղղված է Վրաստանի դեմ: Դա է պատճառը, որ նա ևս իր հերթին նպաստում է հայ-թուրքական սահմանի բացմանը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`