Զագրեբում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի եւ Խորվաթիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը
Խորվաթիա կատարած երկօրյա պաշտոնական այցի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Զրուցակիցները մեկ անգամ եւս ամրագրել են տարբեր ուղղություններով, երկկողմ ու բազմակողմ մակարդակներում հայ–խորվաթական փոխգործակցությունը առաջ մղելու երկուստեք առկա քաղաքական կամքը: Ս.Սարգսյանը եւ Լ.Բաբիչը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խորհրդարանական խմբերի ձեւավորումը եւ համագործակցությունը միջխորհրդարանական միջազգային կառույցներում:
Ս.Սարգսյանը Խորվաթիայի խորհրդարանի նախագահին տեղեկացրել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնության վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին:Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանը այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների «Սեւան» նորագույն սարքավորմանը, խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին: Նա այցելել է նաեւ Զագրեբի պատմության թանգարան, խոշոր քաղաքական–պետական գործիչ Տիտոյի Վելիկի Բրիյուն կղզում գտնվող տուն–թանգարանի վերածված ամառային նստավայր եւ Տիտոյի կողմից տասնամյակներ առաջ կառուցված գինետուն:Նույն օրը ուշ երեկոյան Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:












