Գլխավոր » Լրահոս

Նրա լուսանկարներում արցախցին է իր` մտահոգ ու հոգսաշատ կենցաղով, բայց նաև` լավատես արցախցին:

Սեպտեմբեր 10, 2009թ. 10:02

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում սեպտեմբերի 9-ին բացվեց չեխ լուսանկարիչների` Արցախին նվիրված   ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի գործիչներ և պարզապես արվեստասերներ:

Արցախում չեխ լուսանկարիչների գործերի ցուցահանդեսը կազմակերպվել է  ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ: «Այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է տեսնելու, թե  օտարերկրյա հյուրերի աչքերով` ինչպիսի՞ն է մեր երկիրը»,- ասաց Նարինե Աղաբալյանը:

Արցախը լուսանկարներով ներկայացնելու` չեխ լուսանկարիչների փորձն ավելի հին պատմություն ունի:  Դեռ մարտ ամսին Պրահայում կազմակերպվել էր արցախյան թեմայով լուսանկարների ցուցահանդես: Չնայած ադրբեջանցիների բոլոր ջանքերին` կասեցնել ցուցահանդեսի անցկացումը, այն անցավ մեծ հաջողությամբ:

Այս միջոցառումների կազմակերպիչը Բաքվի նախկին բնակիչ, արմատներով արցախցի այսօր Չեխիայում բնակվող, այդ երկրի լուսանկարիչների ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանն է: Նա Արցախում  եղել է  1987 թվականին: Այնուհետ  այցելությունները դարձան ավելի հաճախակի` արդեն գործընկերների ուղեկցությամբ: «Այս   ընթացքում հավաքվեց լուսանկարչական մեծաքանակ նյութ: Եվ ծնվեց` Արցախը լուսանկարներով ներկայացնելու գաղափարը»- պատմում է լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը:

Տարբեր ժամանակներում արված լուսանկարներում արցախցին է իր` մտահոգ ու հոգսաշատ կենցաղով,  բայց նաև լավատես արցախցին:chehnkarich

Ցուցահանդեսի մասնակիցներն առիթ ունեցան գնահատելու նաեւ Պետեր Հեյցմանի 2008թ-ին նկարահանած «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը: Այստեղ արդեն նախորդ տարիների գորշ երանգները  փոխարինվել էին վերածնվող Արցախի գույներով:

«Մեր նպատակն էր պատերազմի  թողած տխուր վերքերի կողքին ցույց տալ նաեւ վերածնվող Ղարաբաղը, նրա  վաղվա պայծառ օրը, նրա ապագան` հանձին արցախի փոքրիկների,- պատմում է հեղինակը:

Նույն օրը կայացավ նաև չեխ լուսանկարիչների «Արցախ` հնամյա երկիր» գիրք-ալբոմի շնորհանդսը:
Արցախի հետ կապված ծրագրերը այդքանով չեն սահմանափակվում, վստահեցնում է նախաձեռնության հեղինակը:
Իսկ առայժմ` ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները` հեղինակների որոշմամբ, կմնան  Արցախում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`