Նրա լուսանկարներում արցախցին է իր` մտահոգ ու հոգսաշատ կենցաղով, բայց նաև` լավատես արցախցին:
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում սեպտեմբերի 9-ին բացվեց չեխ լուսանկարիչների` Արցախին նվիրված ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի գործիչներ և պարզապես արվեստասերներ:
Արցախում չեխ լուսանկարիչների գործերի ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ: «Այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է տեսնելու, թե օտարերկրյա հյուրերի աչքերով` ինչպիսի՞ն է մեր երկիրը»,- ասաց Նարինե Աղաբալյանը:
Արցախը լուսանկարներով ներկայացնելու` չեխ լուսանկարիչների փորձն ավելի հին պատմություն ունի: Դեռ մարտ ամսին Պրահայում կազմակերպվել էր արցախյան թեմայով լուսանկարների ցուցահանդես: Չնայած ադրբեջանցիների բոլոր ջանքերին` կասեցնել ցուցահանդեսի անցկացումը, այն անցավ մեծ հաջողությամբ:
Այս միջոցառումների կազմակերպիչը Բաքվի նախկին բնակիչ, արմատներով արցախցի այսօր Չեխիայում բնակվող, այդ երկրի լուսանկարիչների ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանն է: Նա Արցախում եղել է 1987 թվականին: Այնուհետ այցելությունները դարձան ավելի հաճախակի` արդեն գործընկերների ուղեկցությամբ: «Այս ընթացքում հավաքվեց լուսանկարչական մեծաքանակ նյութ: Եվ ծնվեց` Արցախը լուսանկարներով ներկայացնելու գաղափարը»- պատմում է լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը:
Տարբեր ժամանակներում արված լուսանկարներում արցախցին է իր` մտահոգ ու հոգսաշատ կենցաղով, բայց նաև լավատես արցախցին:
Ցուցահանդեսի մասնակիցներն առիթ ունեցան գնահատելու նաեւ Պետեր Հեյցմանի 2008թ-ին նկարահանած «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը: Այստեղ արդեն նախորդ տարիների գորշ երանգները փոխարինվել էին վերածնվող Արցախի գույներով:
«Մեր նպատակն էր պատերազմի թողած տխուր վերքերի կողքին ցույց տալ նաեւ վերածնվող Ղարաբաղը, նրա վաղվա պայծառ օրը, նրա ապագան` հանձին արցախի փոքրիկների,- պատմում է հեղինակը:
Նույն օրը կայացավ նաև չեխ լուսանկարիչների «Արցախ` հնամյա երկիր» գիրք-ալբոմի շնորհանդսը:
Արցախի հետ կապված ծրագրերը այդքանով չեն սահմանափակվում, վստահեցնում է նախաձեռնության հեղինակը:
Իսկ առայժմ` ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները` հեղինակների որոշմամբ, կմնան Արցախում:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ












