Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացի շրջանակները չեն սահմանափակվում երկկողմ հարաբերություններով
Միջազգային ուժերի ակտիվ ներգրավվածությունը դրան հաղորդում է տարածաշրջանային նշանակություն
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
Նախորդ անգամ «ԱրմԱր» կայքէջում, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններին, նշել էինք այն բուռն հակազդեցության մասին, որին հավասարապես բախվում են ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, և այս հակազդեցությունը պայմանավորել էինք երկուստեք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող այն դրույթներով, որոնք արձանագրությունները հայկական կողմի համար դարձնում են ռիսկային:
Թերևս այդ առումով պատահական չէ, որ ընդդիմադիր քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում անհատ գործիչներ, արձանագրությունների առնչությամբ հայաստանյան իշխանություններին քննադատելիս մատնացույց են անում Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության հարցերում թուրքական տեսակետներին տուրք տալու, Կարսի պայմանագիրը վերահաստատելու եւ Թուրքիայի նախապայմաններն օրինականացնելու վերջիններիս պատրաստակամությունը:
Զույգ արձանագրություններում «նախապայմանների» մասին որևէ խոսք չկա, սակայն չի օգտագործված նաև «առանց նախապայմանի» արտահայտությունը: Թեև չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության և Կարսի պայմանագրի մասին, բայց և այնպես «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ և բազմակողմ պարտավորությունների», «երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչման» մասին դրույթներն ու «միջկառավարական երկկողմ հանձնաժողով ստեղծելու» կողմերի համաձայնությունը, որն ունենալու է «պատմական հարթությամբ զբաղվող» ենթահանձնաժողով, թուրքական կողմին հնարավորություն է տալիս արձանագրությունները յուրովի մեկնաբանել:
Հայաստանի համար`արձանագրությունների ռիսկայնության պարագայում, խնդիրը սոսկ դրույթների թուրքական մեկնաբանությունը չէ, այլ դրանց հրապարակումից առաջ և հետո Թուրքիայի ղեկավարության արած հայտարարությունները: Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին` նախքան արձանագրությունների հրապարակումը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն NTV-ի թուրքական լրատվական ծառայությանը հայտարարել էր. «Հայաստանի հետ Թուրքիայի միջև սահմանի բացում նախատեսված չէ»: Հաջորդ օրը վարչապետ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորեց նախաստորագրված արձանագրությունները վավերացնելու Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի պատրաստակամությամբ:
Մինչ թուրքական մամուլը, ելնելով Էրդողանի խոսքերից, գրում էր, թե ուժի մեջ է մնում սահմանի բացման համար Հայաստանին առաջադրվող` «Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց քայլ կատարելու» նախապայմանը, Դավութօղլուն կրկնեց սահմանի մասին հայտարարությունն ու ընդգծեց. «Թերևս ոչ մի գործընթաց ավելի կարևոր չէ, քան Ադրբեջանի հետ մեր բարեկամությունը»: Որքան էլ Ադրբեջանի համար պարզ և հստակ լինեին Էրդողանի խոսքերի թուրքական մեկնաբանությունն ու Դավութօղլուի հայտարարությունների բովանդակությունը, ադրբեջանական մամուլը շարունակում էր հայ-թուրքական «հաշտեցման» արձանագրությունները վերագրել «Թուրքիայի դավաճանությանը», կանխագուշակում էր «ճգնաժամ Թուրքիայի հետ հարաբերություններում», ավելին, ինչպես սեպտեմբերի 4-ի համարում վկայել է «գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղ» թերթը, նույնիսկ տարակուսանքով գրում էր. «Դավութօղլուն երեխա՞ է խաբում»:
Այդ ընթացքում Իլհամ Ալիևի իշխանությունները դատապարտելով թուրքական թերթերին` ադրբեջանական մամուլի հրապարակումների վերաբերյալ կատարած անդրադարձի առիթով, որ ստահոդ լուրերը բացասական ներգործություն են ունենում երկու երկրների հասարակությունների վրա, համառորեն հիշեցնում էին վարչապետ Էրդողանի` հայկական սահմանի բացումը Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պայմանավորող հայտարարությունը (որը դեռևս արվել էր մայիսի 13-ին Ադրբեջանի խորհրդարանում վերջինի ելույթի ժամանակ) և Անկարայից պահանջում հավատարիմ մնալ խոստմանը:
Թերևս կարելի էր Էրդողանի կառավարության փոխարեն թուրքական մամուլին հակազդելու պաշտոնական Բաքվի դիրքորոշումը պայմանավորել այն դրույթներով, որոնք Թուրքիային հնարավորություն են տալիս արձանագրությունները սեփական շահերին ծառայեցնել, եթե չլիներ ամերիկյան գործոնը: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ թուրքական «Միլիեթի» սեպտեմբերի 4-ի համարին, որտեղ Մելիհ Աշըքը գրում է.«Բաքուն առայժմ լուռ է… որովհետեւ ադրբեջանական իշխանությունները նույնպես ԱՄՆ-ի ճնշման տակ են»:
Ի դեպ, հոդվածագիրը միաժամանակ նշում է, որ Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացի բուն նախաձեռնողը ոչ թե Շվեյցարիան է, այլ Միացյալ Նահանգները: Ապրիլի 7-ին Ստամբուլում, Թուրքիան` ՀՀ արտգործնախարարի ներկայությամբ հավաստիացնում է նախագահ Բարաք Օբամային, որ հայ–թուրքական համաձայնագիրը որևէ նախապայման չի ներառում` տալով համապատասխան երաշխիքներ, և այդ փաստը դեռեւս մայիսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի նիստում հրապարակել է Դեյվիդ Ֆիլիպսը (հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախաձեռնող), որն արձանագրությունների հրապարակումից հետո հաստատել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը:
Նախապայմանների առաջադրումը բացառող երաշխիքները կարելի՞ է պայմանավորել թուրքական կողմի վրա գործադրվող ամերիկյան ճնշումներով կամ դրանք շարունակվե՞լ են հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո, թե՞ ոչ, դժվար է փաստելը: Բայց օգոստոսի 31-ի արձանագրության մեջ սահմանի մասին դրույթն անտեսող ու դրա բացումը ժխտող Դավութօղլուն սեպտեմբերի 2-ին նշեց, որ մինչև Նոր տարի սահմանը կբացի: Իսկ սեպտեմբերի 4-6-ը Ստոկհոլմում հրավիրված Եվրոմիության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, «Սաբահի» սեպտեմբերի 7-ի համարի վկայությամբ, նույն Դավութօղլուն առաջարկեց Հայաստանին ընդգրկվել «Նոր եվրասիական տրանսպորտային ուղիների» նախաձեռնությունում` NELTI-ում, որը Թուրքիայի ԱԳ նախարարի արտահայտությամբ, նախատեսում է Կովկասը` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Լաչինի միջանցքի, Նախիջևանի եւ Թուրքիայի տարածքով Եվրոպայի հետ կապող ավտոմայրուղու շինարարությունը:
Սեպտեմբերի 5-ին Ստամբուլում վարչապետ Էրդողանը, ընդգծելով Հայաստանի հետ սկիզբնավորված «հաշտեցման» գործընթացի կարևորությունը, արտահայտվեց այդ գործընթացը հարաբերությունների լիարժեք նորմալացման վերջնակետին հասցնելու օգտին: Նույն օրը նա արդեն Կեսարիայում` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ պատասխան խաղի առնչությամբ հայտարարեց. «Մեր հարգարժան նախագահը Հայաստան գնաց և ցույց տվեց հաշտեցման նկատմամբ Թուրքիայի հակվածությունը: Մնացածն արդեն Հայաստանի նախագահի իրավասությունն է: Նրանք դրանով համաշխարհային հասարակական կարծիքին կհայտնեն իրենց վերաբերմունքը` մո՞տ են կանգնած հաշտեցմանը, թե՞ հեռու»:
Չի բացառվում, որ Թուրքիայի արտգործնախարարի և վարչապետի այս հայտարարությունները, որոնք հակադրվում են նախորդների տրամաբանությանը, պայմանավորված են «հաշտեցման» գործընթացը Հայաստանի հնարավոր հակազդեցությունից զերծ պահելու, ՀՀ նախագահի պատասխան այցը չվտանգելու հաշվարկներով: Թերևս այդ առումով պատահական չէր պետնախարար և գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշի` Վիեննայում Թուրքիայի դեսպանատանն արած սեպտեմբերի 3-ի հայտարարությունը.«Ջանքեր ենք գործադրում, որ ամբողջական լուծում տանք (Հայաստանի հետ) առկա խնդիրներին: Մեր ջանքերը ողջունում են Եվրոմիությունն ու անդամ երկրները: Տա Աստված Հայաստանը ճիշտ օգտագործի խորհրդակցությունների 6 շաբաթյա ժամկետը, հաշտվի իրողությունների հետ և ճշգրիտ քայլ կատարի: Ցանկանում եմ, որ մեր երկրի, Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի խաղաղությանը նպաստող այդ քայլն իրականանա»:
Պետնախարար Բաղըշի այս խոսքերն արտահայտում են ինչպես Թուրքիայի վերոհիշյալ հաշվարկներով պայմանավորված շահագրգռությունը, այնպես էլ Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացը ձախողելու մտավախությունը: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Բուգյուն» թերթի սեպտեմբերի 4-ի համարին, որտեղ Էրհան Բաշյուրթը գրում է.«Հասարակական ճնշման դեպքում Էրդողանի իշխող «Արդարություն ու բարգավաճում» կուսակցության որոշ պատգամավորներ նույնպես դեմ կարտահայտվեն արձանագրություններին և դրանք կսառեցվեն: Կառավարությանն անհանգստացնում է նաև արձանագրությունների մերժման հավանականությունը Հայաստանի Ազգային ժողովում: Եթե դա տեղի ունենա, ապա օդում կմնա կառավարության մեկնած ձեռքը: Բայց և այնպես, շահող կողմն այնուամենայնիվ կլինի Թուրքիան: Նախ կթուլանան ցեղասպանության ճանաչման և սահմանի բացման համար նրա վրա գործադրվող արտաքին ճնշումները, միաժամանակ, Անկարան մեկ անգամ ևս կհավաստի աշխարհին, որ խաղաղարար երկիր է, այլ ոչ թե ճգնաժամ առաջացնող»:
Եթե համադրենք Թուրքիայի` Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի հնարավոր ձախողումից բխող մտավախությունը դրանով պայմանավորված շահագրգռության հետ, ապա ակնհայտ կդառնա, որ նա հաշվարկներում առաջնորդվում է` հնարավոր ձախողման պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու նախահաշվարկով, որպեսզի խուսափի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ճնշումներից:
Այլ կերպ` միջազգային վերահիշյալ ուժերը, ինչպես նաեւ Ռուսաստանը, շահագրգռված են Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացով: Սա նշանակում է, որ գործընթացը չի սահմանափակվում հայ-թուրքական հարաբերությունների շրջանակով, այլև անդրադառնում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի հետ` Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա: Այդ ընթացքում Թուրքիան հրաժարվում է դիվանագիտական հարաբերությունների համար հայկական կողմին նախապայմանների առաջադրումից, մերժում տարածաշրջանային նախաձեռնություններից Հայաստանին օտարելու սնանկ քաղաքականությունը, որին էլ հակադրվում է Ադրբեջանը: Այսպիսով, ճեղքվածք է տալիս Թուրքիայի հետ Ադրբեջանի «եղբայրությունը» և կասկածի է առնվում թուրք-ադրբեջանական հարաբերություններում «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով առաջնորդվելու նպատակահարմարությունը:
Չպետք է նաև մոռանալ, որ «հաշտեցման» գործընթացի համար հիմք է հանդիսացել Թուրքիայի հետ քաղաքական երկխոսություն սկսելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, դրա ծավալմանը նպաստել են ԵՄ-ի հետ Թուրքիայի անդամակցության բանակցությունները, իսկ ծավալումը հնարավոր է դարձել շնորհիվ տարածաշրջանում նախագահ Բարաք Օբամայի որդեգրած` ռազմաքաղաքական լարվածությունը թուլացնելու քաղաքականության:
Թեգեր` Բարաք Օբամա, Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստան, Սերժ Սարգսյան












