Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Խաչը կարող է գերեվարվել հենց մեր մեջ

Սեպտեմբեր 12, 2009թ. 14:04

Ter«Յուրաքանչյուր եկեղեցական տոն անցյալի հիշողություն չէ, մենք չենք հիշում, այլ հաղորդակից ենք  դառնում Հիսուս Քրիստոսի մարմնին, արյանն ու հաղորդության միջոցով օժանդակություն ենք հայցում Աստծուց, որպեսզի քայլենք Խաչի ճանապարհով:

Հոգեբաններից մեկն ասում է` մարդը դրախտի  կարոտախտ ունի: Այսինքն, դրախտից վտարվելուց հետո մենք մշտապես այնտեղ վերադառալու հույսեր ենք փայփայում: Իսկ յուրաքանչյուր մարդ վերադարձի իր ճանապարհն է ընտրում. ճիշտ ճանապարհը` Խաչի ճանապարհով քայլելն է»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Հակոբ Խաչատրյանը, ներկայացնելով ողջ տոնի խորհուրդը:

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդին առավել հայտնի Սըրբխեչի` Խաչվերացի տոնը, որը եկեղեցական հինգ տաղավար տոներից է:

Ըստ ավանդույթի, Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբ առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբ առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քիստոսի ս. Խաչը, նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, դրել են Հիսուսի գերեզմանում և ծածկել հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց:  Պատրոնիկե կայսրուհու միջատությամբ` խաչերը հանվում են հողի տակից, իսկ որպեսզի որոշվի, թե որն է Քրիստոսի խաչը` դրանք մոտեցնում են մահացած մի աղջկա մահճին: Վերջինս, Քրիստոսի ս. Խաչին հպվելով, վերակենդանանում է: Հակոբ Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, ս. Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում և, ըստ ավանդության, այդ առթիվ երգում. «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք » շարականը:

Ինչպես պատմում է տեր Հակոբը, Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ ս. Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատացյալների կողմից: Նրանցից շատերը ս. Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի վկաներ են լինում:

Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբ Տյառնեղբայրը նրան է նվիրում ս. Խաչից մի մաս, որը կայսրուհին իր հետ տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտից պոկված այս անգին մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով և իր հետ այն բերում է Հայաստան:

Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբ Տյառնեղբորը և Քրիստոսի խաչը մյուս խաչերի հետ թաղում աղբի տակ: 313թ. Կոստանդիանոս կայսեր Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ազատ դավանելու հնարավորություն է տրվում, որի արդյունքում կայսեր մայրը` Հեղինեն, 327թ. գալիս է Երուսաղեմ և մեծ ջանքերի գնով գտնում ս. Խաչը, որի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա: Սկզում նա ընդդիմանում է, սակայն 6 օր շարունակ ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո հայտնում է Խաչի տեղը: Քրիստոսի Խաչը որոշելու համար Նրան են մոտեցնում մեռած մի պատանու և մի մահամերձ կնոջ. երկուսն էլ վերակենդանանում էն: Այդ հրաշքի արդյունքում շատերն են քրիստոնեություն ընդունում, այդ թվում և Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար:

Հեղինե թագուհու կողմից 335թ. Գողգոթայում կառուցվում է Ս. Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի ս. Խաչը:  Խաչն օծվում է սեպտեմբերի 13-ին, իսկ հաջորդ օրն այստեղ են հավաքվում եկեղեցական տարբեր պաշտոնյաներ տարբեր երկրներից և տոնում ԽԱՉՎԵՐԱՑԸ` Խաչը գերեվարությունից վերադարձնելու տոնը: Սակայն տոնն իր վերջնական հաստատումն է ստանում հետագայում` ներառելով նաև Քրիստոսի Խաչափայտի գերեդարձության հիշատակը. (այս մասին  կարող եք կարդալ armarlur.com-ի «Հայկական տոներ» խորագրում):

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ խաչերը մեռյալների վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը, դատապարտության այդ իրը, Քրիստոսի սուրբ արյունով ստացավ կենսագործելու, նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Խաչի վրա մեռնելով Քրիստոսը հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանն ու ջախջախեց մահ կամեցող իշխանի` սատանայի գլուխը` մարդկությանը մեկընդմիշտ ազատելով մահվան անհուսության բանտից:

Խաչը դարձավ երկրի ու երկնքի միջև եղած վիհը միացնող կամուրջը,  Գրիգոր Տաթևացու խոսքերով ասած` «դրախտի դռները բացողն ու արքայությունը որպես ժառանգություն տվողը»:

«Մի պատմություն կա, ըստ որի, մի քաղաքում ջրհեղեղ պետք է լիներ: Այդ մասին տեղեկանալով` բնակիչներից ամեն մեկը վերցնում է, իր պատկերացմամբ,  ամենաթանկ իրը: Միայն մեկը մի մեծ խաչ է պատրաստում և տանում իր հետ: Ջրհեղեղից բոլորը խեղդվում են, բացի` իր ձեռքում  խաչ ունեցողից, որի համար Խաչը դառնում է փրկության տապան:

Խաչվերացի տոնը նման չէ ծննդյան, կնունքի տոներին: Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում առ Աստված, որ Քրիստոսն իր խաչելությամբ և հարությամբ մեզ փրկեց: Իսկ հաջորդ օրը, երբ մենք ննջեցյալներին այցելության ենք գնում` դա ապացույցն է այն  բանի, որ մեր ֆիզիկական մահով չի ավարտվում ամեն ինչ. Քիստոս քանդեց գերեզմանի կապանքները և հաստատեց, որ մահից հետո հարություն կա: Հաջորդ օրը գերեզման ենք այցելում հենց այդ հույսով, որ մեր հարազատները չեն մնալու այդ տապանում, որը նաև Նոյան տապանի խորհրդանիշն ունի: Իսկ գերեզման այցելելով և խունկ ծխեցնելով` մենք մեր հավատն ենք հայտնում առ Աստված: Խաչվերացի տոնը բացառիկ հնարավորություն է Խաչը «ազատելու», քանի որ Խաչը կարող է գերեվարվել հենց մեր մեջ և մենք կոչված ենք ազատագրելու այն», եզրափակեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Խաչի վեր բարձրացումով ամոթահար և սարսափահար եղավ սատանան: Քանի որ «խաչը սանդարամենտականների սարսափն է և երկրայիններին սաստողը, հոգևոր զենք է և չբթացող սուր»` Գր. Տաթևացի: Դրա համար եկեղեցիների գմբեթներն  ու խորանները պսակված են խաչերով և յուրաքանչյուր ծիսական արարողություն կատարվում է Տերունական հաղթության սուրբ նշանով:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆԸ


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`