Խաչը կարող է գերեվարվել հենց մեր մեջ
«Յուրաքանչյուր եկեղեցական տոն անցյալի հիշողություն չէ, մենք չենք հիշում, այլ հաղորդակից ենք դառնում Հիսուս Քրիստոսի մարմնին, արյանն ու հաղորդության միջոցով օժանդակություն ենք հայցում Աստծուց, որպեսզի քայլենք Խաչի ճանապարհով:
Հոգեբաններից մեկն ասում է` մարդը դրախտի կարոտախտ ունի: Այսինքն, դրախտից վտարվելուց հետո մենք մշտապես այնտեղ վերադառալու հույսեր ենք փայփայում: Իսկ յուրաքանչյուր մարդ վերադարձի իր ճանապարհն է ընտրում. ճիշտ ճանապարհը` Խաչի ճանապարհով քայլելն է»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Հակոբ Խաչատրյանը, ներկայացնելով ողջ տոնի խորհուրդը:
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդին առավել հայտնի Սըրբխեչի` Խաչվերացի տոնը, որը եկեղեցական հինգ տաղավար տոներից է:
Ըստ ավանդույթի, Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբ առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբ առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քիստոսի ս. Խաչը, նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, դրել են Հիսուսի գերեզմանում և ծածկել հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջատությամբ` խաչերը հանվում են հողի տակից, իսկ որպեսզի որոշվի, թե որն է Քրիստոսի խաչը` դրանք մոտեցնում են մահացած մի աղջկա մահճին: Վերջինս, Քրիստոսի ս. Խաչին հպվելով, վերակենդանանում է: Հակոբ Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, ս. Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում և, ըստ ավանդության, այդ առթիվ երգում. «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք » շարականը:
Ինչպես պատմում է տեր Հակոբը, Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ ս. Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատացյալների կողմից: Նրանցից շատերը ս. Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի վկաներ են լինում:
Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբ Տյառնեղբայրը նրան է նվիրում ս. Խաչից մի մաս, որը կայսրուհին իր հետ տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտից պոկված այս անգին մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով և իր հետ այն բերում է Հայաստան:
Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբ Տյառնեղբորը և Քրիստոսի խաչը մյուս խաչերի հետ թաղում աղբի տակ: 313թ. Կոստանդիանոս կայսեր Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ազատ դավանելու հնարավորություն է տրվում, որի արդյունքում կայսեր մայրը` Հեղինեն, 327թ. գալիս է Երուսաղեմ և մեծ ջանքերի գնով գտնում ս. Խաչը, որի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա: Սկզում նա ընդդիմանում է, սակայն 6 օր շարունակ ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո հայտնում է Խաչի տեղը: Քրիստոսի Խաչը որոշելու համար Նրան են մոտեցնում մեռած մի պատանու և մի մահամերձ կնոջ. երկուսն էլ վերակենդանանում էն: Այդ հրաշքի արդյունքում շատերն են քրիստոնեություն ընդունում, այդ թվում և Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար:
Հեղինե թագուհու կողմից 335թ. Գողգոթայում կառուցվում է Ս. Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի ս. Խաչը: Խաչն օծվում է սեպտեմբերի 13-ին, իսկ հաջորդ օրն այստեղ են հավաքվում եկեղեցական տարբեր պաշտոնյաներ տարբեր երկրներից և տոնում ԽԱՉՎԵՐԱՑԸ` Խաչը գերեվարությունից վերադարձնելու տոնը: Սակայն տոնն իր վերջնական հաստատումն է ստանում հետագայում` ներառելով նաև Քրիստոսի Խաչափայտի գերեդարձության հիշատակը. (այս մասին կարող եք կարդալ armarlur.com-ի «Հայկական տոներ» խորագրում):
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ խաչերը մեռյալների վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը, դատապարտության այդ իրը, Քրիստոսի սուրբ արյունով ստացավ կենսագործելու, նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Խաչի վրա մեռնելով Քրիստոսը հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանն ու ջախջախեց մահ կամեցող իշխանի` սատանայի գլուխը` մարդկությանը մեկընդմիշտ ազատելով մահվան անհուսության բանտից:
Խաչը դարձավ երկրի ու երկնքի միջև եղած վիհը միացնող կամուրջը, Գրիգոր Տաթևացու խոսքերով ասած` «դրախտի դռները բացողն ու արքայությունը որպես ժառանգություն տվողը»:
«Մի պատմություն կա, ըստ որի, մի քաղաքում ջրհեղեղ պետք է լիներ: Այդ մասին տեղեկանալով` բնակիչներից ամեն մեկը վերցնում է, իր պատկերացմամբ, ամենաթանկ իրը: Միայն մեկը մի մեծ խաչ է պատրաստում և տանում իր հետ: Ջրհեղեղից բոլորը խեղդվում են, բացի` իր ձեռքում խաչ ունեցողից, որի համար Խաչը դառնում է փրկության տապան:
Խաչվերացի տոնը նման չէ ծննդյան, կնունքի տոներին: Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում առ Աստված, որ Քրիստոսն իր խաչելությամբ և հարությամբ մեզ փրկեց: Իսկ հաջորդ օրը, երբ մենք ննջեցյալներին այցելության ենք գնում` դա ապացույցն է այն բանի, որ մեր ֆիզիկական մահով չի ավարտվում ամեն ինչ. Քիստոս քանդեց գերեզմանի կապանքները և հաստատեց, որ մահից հետո հարություն կա: Հաջորդ օրը գերեզման ենք այցելում հենց այդ հույսով, որ մեր հարազատները չեն մնալու այդ տապանում, որը նաև Նոյան տապանի խորհրդանիշն ունի: Իսկ գերեզման այցելելով և խունկ ծխեցնելով` մենք մեր հավատն ենք հայտնում առ Աստված: Խաչվերացի տոնը բացառիկ հնարավորություն է Խաչը «ազատելու», քանի որ Խաչը կարող է գերեվարվել հենց մեր մեջ և մենք կոչված ենք ազատագրելու այն», եզրափակեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Խաչի վեր բարձրացումով ամոթահար և սարսափահար եղավ սատանան: Քանի որ «խաչը սանդարամենտականների սարսափն է և երկրայիններին սաստողը, հոգևոր զենք է և չբթացող սուր»` Գր. Տաթևացի: Դրա համար եկեղեցիների գմբեթներն ու խորանները պսակված են խաչերով և յուրաքանչյուր ծիսական արարողություն կատարվում է Տերունական հաղթության սուրբ նշանով:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆԸ












